Առողջ մարդու օրգանիզմում ալկոհոլի հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4-5 ժամ անց
Ալկոհոլի չափից ավելի և մշտական ընդունումը կարող է նրա հանդեպ հիվանդագին հակման պատճառ դառնալ։ Սպիրտային խմիչքներ ընդունելիս, ստամոքսաղիքային համակարգով ալկոհոլի ներծծման չափից կախված, դրա կոնցենտրացիան արյան մեջ ավելանում է՝ 2-րդ ժամում հասնելով առավելագույնի։
Ալկոհոլի 10 %-ն օրգանիզմից արտազատվում է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով՝ անփոփոխ ձևով, մնացած քանակությունը դանդաղ օքսիդանում է հատուկ ֆերմենտներով։
Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4-5 ժամ անց։
Ալկոհոլի ամենամեծ կոնցենտրացիան սկզբնական շրջանում նկատվում է լյարդում և մկաններում, այնուհետև այն թափանցում է կենտրոնական նյարդային համակարգ, նախ՝ ենթակեղևային գոյացություններ և ուղեղիկ, ապա՝ գլխուղեղի կեղև, ուր ամենաերկարն է պահպանվում։
Փոքր չափաքանակները թողնում են խթանող ազդեցություն, մեծ չափաքանակներն արգելակում են կեղևի և երկարավուն ուղեղի կենսական կարևոր կենտրոնները (շնչառական, անոթաշարժ և այլն), որով և պայմանավորված են շնչառության ու արյան շրջանառության ծանր խանգարումները (սուր ալկոհոլային թունավորման ծանր ձևերի ժամանակ մահվան հիմնական պատճառն են)։