211652_close_icon
views-count10035 դիտում article-date 23:27 10-10-2016

Հանում են աչքը, կտրում ձեռքը, հրապարակավ անարգում, ոտքերից կախում, հետո մանր կտրատում (Անդրոնիկոս)

Նա 12 տարեկան Ալեքսիսի խնամակալն էր կարգվել ազդեցիկ ազնվականներ Կոնտոստեփանոսի և Անգելոսի երաշխավորությամբ: Նա աչքի էր ընկնում բացառիկ դաժանությամբ. Հետապնդում ու հալածում էր բոլոր նրանց, որոնք հակառակվում էին իրեն, ինչպես նաև նրանց, որոնք վտանգ էին ներկայացնում կամ կասկածելի թվում: Անդրոնիկոս Ա Կոմնենոսը, (հուն.՝ Ανδρόνικος Α’ Κομνηνός), (մոտ 1123-1185), Կոմնենոսների տոհմից էր, Կոմնենոսների կայսերական հարստության կոստանդնուպոլսյան ճյուղի վերջին ներկայացուցիչը: 1143թ. Անդրոնիկոսին կայսերական բարձր տիտղոս են շնորհում: 1145-1146թթ. նա կռվում է թուրքերի դեմ և մի քանի հաղթանակներ տանում, սակայն մարտերից մեկում գերի է ընկնում: Բյուզանդիան փրկագնով ազատում է նրան և վերադարձնում հայրենիք: 1151թ. Անդրոնիկոսին բյուզանդական զորքով գործուղում են Կիլիկիա: 1152-ին նա պաշարում է Մամեստիա քաղաքը (քաղաք դաշտային Կիլիկիայում, Ադանայից 25 կմ հյուսիս-արևելք), որտեղ գտնվում էր Կլիկիայի Թորոս Բ իշխանը: Օգտվելով Անդրոնիկոսի մարտավարական սխալից, Կիլիկյան զորքը Թորոսի եղբայրների՝ Ստեփանի և Մլեհի հրամանատարությամբ անձրևային մի գիշեր դուրս է գալիս պաշարված քաղաքից, հանկարծակի հարձակվում բյուզանդացնիերի վրա, կոտորում զորքի մի մասը: Անդրոնիկոսը խայտառակ պարտություն կրելով, փախչում է Անտիոք, այնտեղից Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի Մանուիլ Ա կայսրը հանդիմանում է Անդրոնիկոսին՝ իր հորեղբոր որդուն, զրկում կոչումներից, սակայն մի քանի տարի անց՝ 1154թ. ներում է: [img]/ups/images/0452716001476091798125520.jpg[/img] [i]Մանուիլ Ա Կոմնենոս (Բյուզանդիայի կայսր 11143-1180թթ)[/i] Հետագա տարիներին Անդրոնիկոսը մի քանի անգամ փորձում է դավադրություն կազմակերպել և զավթել գահը, երկու անգամ փորձում է սպանել Մանուիլ Ա կայսրին: Ի վերջո կայսրը հրամայում է բանտարկել Անդրոնիկոսին: Չորս տարի բանտում նստելուց հետո Անդրոնիկոսը իր բանտախցում մի խորշ է փորում, մտնում մեջը և դրսից աղյուսներով շարում այնպես, որ ոչինչ նկատելի չլինի: Բանտապահը բանտախուցը դատարկ տեսնելով հայտարարում է, որ կալանավորը փախել է: Հայտարարվում է հետախուզում: Ձերբակալում են Անդրոնիկոսի կնոջը և բանտարկում նույն բանտախցում: Այդ ժամանակ Անդրոնիկոսը դուրս է գալիս իր խորշից և մի քանի գիշեր անցկացնում կնոջ հետ, մինչև այդ մասին իմանում են բանտապահները: Մանուիլ կայսրը, Անդրոնիկոսի հնարամտությունը գնահատելով, հրամայում է թուլացնել բանտի հսկողությունը: Եվ դրանից օգտվելով Անդրոնիկոսը փախչում է բանտից ու փորձում ապաստան ստանալ թուրքերի մոտ: Սակայն ճանապարհին՝ Թրակիայի Մելանգիա քաղաքի մոտ բռնվում է և էտապով տեղափոխվում ավելի խիստ և մեծ բանտ: Այստեղ Անդրոնիկոսը իրեն հիվանդ է ձևացնում: Նրան խնամող ծառա են տրամադրում: Անդրոնիկոսը հանձնարարում է խնամողին պատրաստել բանտախցի բանալու կրկնօրինակը: Երբ բանալին պատրաստ է լինում, Անդրոնիկոսը նույն օրը երեկոյան բացում է բանտախցի դուռն ու դուրս գալիս բանտից: Հաջորդ երկու օրերին նա թաքնվում է հարևան ամրոցի շրջակա խոտերի մեջ: Այնուհետև մեկնում է ծովափ, որտեղ նավակով սպասում էր նրա հավատարիմ ծառաներից մեկը: Սակայն ծովում նրանց նկատում են ծովային պարեկները: Անդրոնկիոսը ներկայանում է որպես ստրուկ, որն իր տիրոջ համար ձուկ է որսում: Այդպես նրան հաջողվում է մեկնել Գալիցիա: Այստեղ նրան բռնում են վալախները (ժողովուրդ բալկաններում, ռումինացիների նախահայրերը) և որոշում փրկագնի դիմաց հանձնել Բյուզանդիային: Անդրոնիկոսը ձևացնում է, թե լուծ է, զուգարան գնալու պատրվակով դուրս է գալիս ու փախչում: Այդպես նրան հաջողվում է հասնել Գալիցիայի իշխանի նստավայր: Գալիցիայի իշխանը նրան պատվով ընդունում է և քաղաքական-ռազմական բարձր դիրք վստահում: Անդրոնիկոսի օգնությամբ Գալիցիան հպատակեցնում է հարևան մի քանի փոքր իշխանների: 1165թ. Բյուզանդիան պատերազմ էր մղում Հունգարական թագավորության դեմ: Եվ Մանուիլ Ա կայսրը Գալիցիայի իշխանի մոտ բանագնաց է ուղարկում, որը կայսրի անունից ներում է շնորհում Անդրոնիկոսին և համոզում կրկին ծառայել Բյուզանդիային: [img]/ups/images/0861905001476091817216490.jpg[/img] [i]Կիլիկիայի դրոշը[/i] Կայսրը Անդրոնիկոսին նշանակում է Կիլիկիայի կառավարիչ: Անդրոնիկոսի զորքն ու Կիլիկիայի բանակը բախվում են 1165թ.: Ճակատամարտի ժամանակ Անդրոնիկոսը Կիլիկիայի իշխան Թորոս Բ-ի հետ մենամարտի է բռնվում և տապալում նրան ձիուց: Թորոսի թիկնապահները կարողանում են իշխանին դուրս բերել առաջնագծից: Իսկ Թորոսի եղբայրը՝ Մլեհը, գրոհում է բյուզանդացիների թևերից, օղակի մեջ վերցնում նրանց զորքն ու ջախջախում: Բյուզանդացիները խայտառակ պարտություն են կրում, իսկ Անդրոնիկոսը ճողոպրում է մարտադաշտից, թողնելով ջախջախված զորքը: [img]/ups/images/0381025001476091845844513.jpg[/img] [i]Կիլիկիայի իշխան Մլեհ[/i] Հորեղբորորդու բարկությունից խուսափելու համար Անդրոնիկոսը ապաստանում է Ատիոքում, որտեղ սիրահետում է Անտիոքի դուքս Փիլիպոսի աղջկան՝ Կանստանցիային, ինչի համար արտաքսվում է Անտիոքից ու հաստատվում Երուսաղեմի թագավորությունում: Երուսաղեմի թագավոր Ամորի Ա-ն ջերմ ընդունում է Անդրոնիկոսին ու նրան նվիրում Բեյրութ քաղաքը: Ավելին՝ Անդրոնիկոսն այստեղ հմայում է նախկին թագավորի՝ Բոլդուին Գ-ի 20-ամյա այրուն՝ Թեոդորային: Այս քայլը խիստ բարկացնում է Մանուիլ Ա կայսրին: Վերջինս խաչակիրներից պահանջում է կալանավորել Անդրոնիկոսին և կուրացնել: Այս իմանալով Անդրոնիկոսն ու Թեոդորան փախչում են Պաղեստինից և հաջորդ մի քանի տարիներն անցկացնում Բաղդադում, Դամասկոսում, Վրաստանում: Ի վերջո Տրապիզոնի կառավարիչ Նիկիֆորը ձերբակալում է Անդրոնիկոսին և շղթայակապ ուղարկում Կոստանդնուպոլիս: Սակայն մեծահոգի Մանուիլ Ա-ն կայսրը կրկին ներում է Անդրոնիկոսին: [img]/ups/images/0696457001476091856817941.jpg[/img] [i]Կոմնենոսների հարստությունը Ալեքսիս I-ից մինչև Անդրոնիկոս[/i] 1180թ. Մանուիլ Ա-ն ծանր հիվանդանում է: Նա մահանում է սեպտեմբերի 24-ին և գահը ժառանգում է մանկահասակ որդուն՝ Ալեքսիսին (Ալեքսիս Բ Կոմնենոս՝ Բյուզանդիայի կայսր 1180-1183): Այդ ժամանակ Անդրոնիկոսը նշանակվում է մանկահասակ կայսրի խնամակալ: Նա տնտեսական, իրավական և սոցիալական բարեփոխումներ է իրականացնում, ինչի արդյունքում գյուղատնտեսությունն ու առևտուրը աշխուժանում են, անողոք պայքար է մղվում կոռուպցիայի և ծովահենության դեմ: Ինչպես նաև մեծ թափ է առնում քաղաքային շինարարությունը: Այս բարեփոխումներից դժգոհ էին ազնվականները, որովհետև զրկվել էին անձեռնմխելիությունից, ծանրացել էին արքայական հարկերը: Բյուզանդացի պատմիչ Նիկիտաս Քոնիատեսը Անդրոնիկոսի մասին գրում է. «Ում որ երեկ հյուրասիրել էր մի կտոր հացով, ում հետ երեկ գինի էր խմել, այսօր նրանց հետ վարվում էր չարաբար... Նա ամեն օր ինչ-որ մեկին կուրացնում էր: Բանտարկությունները, բռնագանձումները և մահապատիժները դարձել էին սովորական»: [img]/ups/images/09964720014760918667255.jpg[/img] [i]Անդրոնիկոսի ժամանակաշրջանի բյուզանդական դրամներ[/i] Այնուհետև որոշ ազնվականներ փորձում են ապստամբություն բարձրացնել և թուրքերի ու նորմանների օժանդակությամբ զավթել գահը: Այդ լուրերի ազդեցության ներքո ժողովուրդը պահանջում է, որ Անդրոնիկոսն օծվի կայսր, որպեսզի կարողանա պաշտպանել կայսրությունը ապստամբներից: Անդրոնիկոսը թագադրվում է 1183-ի սեպտեմբերին: 1184-ի սեպտեմբերին, Անդրոնիկոսը հրամայում է մահապատժի ենթարկել Ալեքսիս Բ-ին, որն իր հարազատ հորեղբոր թոռն էր: Եվ նույն գիշերը անչափահաս կայսրին խեղդամահ են անում աղեղնալարով: Դրանից հետո Անդրոնիկոսն ամուսնանում է սպանված մանկահասակ կայսեր հարսնացուի՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս VII թագավորի դստեր՝ 11-ամյա Աննայի (Ագնես) հետ: [img]/ups/images/0284240001476091882898468.jpg[/img] Ալեքսիս Բ-ի սպանությունից հետո Բութանիայում ապստամբություն է բարձրանում, որը գլխավորում է Անգելոսների տոհմը: Իսկ 1185-ի ձմռանը ապստամբությունը լուրջ սպառնալիք է դառնում: Եվ Անդրոնիկոսը դուրս է գալիս պատժիչ արշավանքի: Նա կարողանում է ապստամբներից գրավել երկու քաղաք: Ապստամբ ազնվականները փախչում և ապաստան են գտնում Սիցիլիայի թագավոր Վիլհելմ Բ-ի մոտ: Վերջինիս համոզում են հարձակվել Անդրոնիկոսի վրա: Նույն թվականի հունիսին 24-ին սիիլիացիներն ու բյուզանդացի ապստամբ ազնվականները, թուրք վարձկանների հետ միասին գրավում են Դուրրաս քաղաքը (քաղաք ներկայիս Ալբանիայում), օգոստոսի 15-ին գրավում և թալանում են Թեսալոնիկը (քաղաք Էգեյան ծովի ափին, ներկայիս Սալոնիկը), այնուհետև սիցիլիացիների, նորմանների, վտարանդի բյուզանդացի ազնվականների և վարձկանների 80.000-անոց միացյալ բանակը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս: Անդրոնիկոսը դաշինք է կնքում Եգիպտոսի սուլթան Սալահադինի հետ: Ինչից հետո Վիլհելմ Բ-ն կանգնեցնում է դեպի Կոստանդնուպոլիս արշավը: 1185-ի ընթացքում Կոստանդնուպոլսի բնակչությունը վերջապես երես է թեքում Անդրոնիկոսից: Նրա դաժանությունն ակտիվանում է, և նույնիսկ նրա հավատարիմ խորհրդականներին ու մտերիմներին պարուրում է վախը: Սակայն Անդրոնիկոսի հիմնական նպատակը ապստամբների ղեկավար Իսահակ Բ Անգելոսին բռնելն ու մահապատժի ենթարկելն էր: 1185-ի սեպտեմբեր 11-ին Անդրոնիկոսը բանագնաց է ուղարկում Իսահակ Բ Անգելոսի մոտ և առաջարկում կամավոր հանձնվել: Ի պատասխան Իսահակ Բ Անգելոսը դուրս է քաշում սուրն ու տեղում սպանում Անդրոնիկոսի բանագնացին: Այնուհետև ձի է հեծնում, փախուստի դիմում և թաքնվում Սուրբ Սոֆիայի տաճարում: Հետապնդողները չեն համարձակվում ներխուժել տաճար: [img]/ups/images/0805473001476091898664313.jpg[/img] [i]Իսահակ Բ Անգելոս (Բյուզանդիայի կայսր 1185-1195թթ)[/i] Պատրիարքի կոչով ժողովուրդը հավաքվում է Սուրբ Սոֆիայի եկեղեցում և նրա շուրջը: Կայսրից դժգոհ ամբոխը սեպտեմբերի 12-ին առավոտյան Իսահակ Բ Անգելոսին հռչակում է կայսր, իսկ պատրիարքը օրհնում է նրան: Այնուհետև ամբոխը զինվում է, գրավում է բանտերը, ազատում կալանավորներին, և պատրիարքի գլխավորությամբ շարժվում դեպի կայսերական պալատ: Պալատը պաշտպանող փոքրաթիվ պահակախումբը (կազմված վիկինգներից) չի կարողանում հետ մղել զայրացած ամբոխի գրոհը: Եվ երբ ամբոխը խորտակում է պալատի դարպասը, Անդրոնիկոսը շտապ հանում է թագը, կայսերական բոլոր տարբերանշանները և փախուստի դիմում: Նա փորձում է նավով անցնել Սև ծովն ու ապաստան գտնել Ռուսիայում: Սակայն դիմահար քամին Անդրոնիկոսի նավն ափ է նետում, որտեղ հետապնդողները ձերբակալում են նրան ու բերում քաղաք: Երբեմնի կայսր Անդրոնիկոսի անթիվ թշնամիները, որոնց նա ինքն էր սետղծել, սոված գայլերի նման արյան ծարավի էին, իսկ Իսահակ Բ Անգելոսը մտադիր չէր իր թշնամուն ազատել տանջանքներից: Երբ շղթայված Անդրոնիկոսին բանտից բերում են կայսր Անգելոսի մոտ, վերջինս թույլ է տալիս, որ իր ներկայությամբ ամենավերջին հայհոյանքներով վիրավորեն նախկին կայսրին ու ծեծեն նրան: Նրա մորուքը փիտում են, ատամները կոտրում: Այնուհետև Անգելոսի հրամանով կացնով կտրում են նրա աջ ձեռքն ու հետ տանում Անեմասի բանտ, որտեղ մի քանի օր պահում են առանց հացի և ջրի: Մի քանի օր անց Անգելոսի հրամանով նրան կրկին հարապարակավ անարգանքի ու ծեծի են ենթարկում և հանում աջ աչքը: [img]/ups/images/0173868001476091916457776.jpg[/img] [i]Անեմասի բանտը[/i] Այնուհետև (ինչպես գրում է բյուզանդացի պատմիչ Նիկիտաս Քոնիատեսը) Անդրոնիկոսին նստեցրին ուղտի վրա և տարան քաղաքի հրապարակ: Կոստանդնուպոլսի անկիրթ բնակիչներն ամենևին մոռացել էին, որ նա ի վերջո մարդ է, որը վերջերս իրենց կայսրն էր, որին մեծարում էին, խոնարհվում նրա առաջ և հավատարմության երդում տալիս: Անմիտ բարկությամբ լցված նրանք հարձակվեցին Անդրոնիկոսի վրա: Ոմանք հայհոյում էին նրան, ոմանք եղաններով ծակծկում էին նրա կողերը, ավելի լկտիները քարեր էին նետում նրա վրա և նրան անվանում կատաղած շուն, իսկ մի կին եռացրած ջուր շփեց նրա երեսին: Մի խոսքով՝ քաղաքում մարդ չմնաց, որ չպղծեր ու չհայհոյեր Անդրոնիկոսին: Վերջապես, քաղաքի ձիարշավի վազքուղիներից մեկում, որտեղ առյուծի և բորենու քանդակախումբ կար տեղադրված, ամբոխը կանգնեցնում է երկու սյուն, Անդրոնիկոսին ոտքերից գլխիվայր կապում են այդ սյուներից: Այդպես մի քանի ժամ կախված մնալուց հետո նա հոգին ավանդում է: Այնուհետև մարմինն իջեցնում են սյուներից, մանր կտրատում և թափում ձիարշավի վազքուղու մոտ փորված փոսը: [img]/ups/images/0669668001476091927882457.jpg[/img] [i]Անդրոնիկոսի հրապարակային անարգանքները (միջնադարյան նկար)[/i] Չնայած սարսափելի տանջանքներին ու կտտանքներին, Անդրոնիկոսը ոչ մի տրտունջ-տնքոց չի հանում, միայն մերթ ընդ մերթ կրկնում է «Ինչո՞ւ եք կոտրում կոտրված եղեգը»: [img]/ups/images/0935658001476091937225316.jpg[/img] [i]Վրաստանի Թամար թագուհի[/i] Այդպիսով ավարտվում է Կոմնենոսների կառավարման դարաշրջանը Բյուզանդիայում: Անդրոնիկոսի թոռները, ամբոխի բարկությունից խուսափելով, փախչում են Վրաստան և ապաստան գտնում իրենց մորաքրոջ՝ Թամար թագուհու մոտ: Հետագայում Կոմնենոսների տոհմը 250 տարի իշխում է Տրապիզոնում:

Նմանատիպ նյութեր