211652_close_icon
views-count5370 դիտում article-date 12:00 10-10-2016

«Ամեն երեկո 500 անգամ մեռնում եմ սիրուց»․ Էդիթ Պիաֆ

Ըստ ընդունված վարկածի Էդիթ Պիաֆը ծնվել է Բելվիլ քաղաքի փողոցային լապտերներից մեկի տակ, ինչը դժվար թե համապատասխանում է իրականությանը։ Մայրը՝ Անիտա Մայարը, անհաջողակ դերասանուհի էր, որը հանդես էր գալիս Լինա Մարսա բեմական անվան տակ։ Հայրը՝ Լուի Գասսոնը, փողոցային աճպարար էր։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամավոր զինվորագրվել է, մեկնել է ճակատ։ Առաջին անգամ արձակուրդ է ստանում 1915 թ. վերջերին՝ իր նորածին աղջկան տեսնելու համար։ Երկու տարի հետո Լուի Գասսիոնն իմանում է, որ կինը նրան լքել է, իսկ աղջկան թողել է իր ծնողների մոտ։ Տեսնելով, որ Էդիթն ապրում է չափազանց վատ պայմաններում՝ Լուին տեղափոխում է աղջկան Նորմանդիա՝ իր մոր մոտ, որը հասարակաց տուն էր պահում։ Նորմանդիայում պարզ դարձավ, որ Էդիթը բացարձակապես կույր է։ Կյանքի առաջին իսկ ամիսներին նրա մոտ ի հայտ էր եկել կեռատիտ, սակայն Մայար ամուսինները չէին նկատել հիվանդության զարգացումը։ Երբ այլևս բուժման որևէ հույս չէր մնացել տատիկը տարավ Էդիթին Լիզյե քաղաք՝ սբ. Թերեզայի գերեզման, որը հայտնի ուխտատեղի էր, յուրաքանչյուր տարի այնտեղ հավաքվում էին հազարավոր ուխտավորներ ամբողջ Ֆրանսիայից։ Ուխտագնացությունից գրեթե անմիջապես հետո՝ 1921 թ. օգոստոսի 19-ին Էդիթը նորից սկսեց տեսնել։ Նա 6 տարեկան էր։ 1935 թ. Էդիթի տաղանդը նկատեց «Ժերնիս» կաբարեի տեր Լուի Լեպլեն հրավիրելով նրան հանդես գալ իր ծրագրում։ Նա սովորեցրեց Էդիթին աշխատել նվագակցողի հետ, ընտրել և բեմականացնել երգերը, բացատրեց, թե ինչ մեծ նշանակություն ունեն արտիստի բեմական հագուստը, նրա ժեստերը, դիմաշարժությունը, բեմական վարքը։ Հենց Լեպլեն գտավ Էդիթի համար Պիաֆ բեմական անունը (փարիզյան արգոյի վրա նշանակում է «ճնճղուկ»)։ «Ժերնիսի» աֆիշների վրա նրա անունը տպված էր որպես «Փոքրիկ Պիաֆ»: Առաջին իսկ ելույթներից Պիաֆի հաջողությունը շռնդալից էր։ 1936 թ. փետրվարի 17-ին Պիաֆը՝ ֆրանսիական էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին՝ Մորիս Շևալյեն, Միստինգետը, Մարի Դյուբան, հանդես է գալիս «Մեդրանո» կրկեսում մեծ համերգով։ Սակայն հաջող վերասլացքը ընդհատվեց ողբերգությամբ՝ շուտով գլխին ատրճանակի կրակոցով սպանվեց Լուի Լեպլեն։ Էդիթ Պիաֆը հայտնվեց կասկածյալների ցուցակում, քանի որ Լեպլեն փոքր գումար էր կտակել նրան։ Թերթրերը ուռճացրեցին այդ պատմությունը, և կաբարեյի այցելուները թշնամաբար էին ընդունում Էդիթի ելույթները՝ գտնելով, որ նրանք իրավունք ունեն «պատժել հանցագործին»: Շուտով Էդիթը ծանոթանում է Ռայմոն Ասսոյի հետ, որը վերջնականապես ամրագրեց երգչուհու հաջողությունները։ Նա սովորեցրեց Էդիթին ոչ միայն նրա մասնագիտությանն անմիջականորեն վերաբերվող նոր ունակություններին, այլ նաև այն բոլորին, ինչ անհրաժեշտ է կյանքում՝ էթիկետի օրենքներին, հագուստ ընտրելու շնորհքին և այլն։ Հիմնվելով Էդիթի անհատականության վրա՝ Ռայմոն Ասսոն ստեղծեց «Պիաֆի ոճը», նա գրեց երգեր, որոնք սազում էին միայն իրեն՝ «Փարիզ - Միջերկրական ծով», «Նա ապրում էր Պիգալ փողոցում», «Իմ լեգեոները», «Դրոշ լեգեոնի համար»: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նա հաճախակի հանդես էր գալիս գերմանական ուժերի հավաքույթներին օկուպացված Ֆրանսիայում, ինչը շատերի կողմից դիտվեց և դիտվում էր որպես դավաճանություն։ Սակայն ինքը՝ Պիաֆը, պատերազմից հետո հայտարարում էր, որ նա համագործակցել է ֆրանսիական դիմադրության հետ։ Չնայած դրա վերաբերյալ որևէ ստույգ ապացույց չկա, թվում է, թե այն, որ Պիաֆը օգնել է մի շարք անձանց (այդ թվում առնվազն մեկ հրեայի) խուսափել նացիստական հալածանքներից, համապատասխանում է իրականությանը։ Ըստ մի պատմություն, շնորհիվ այն բանի, որ Պիաֆը երգում էր բարձրաստիճան գերմանացի զինվորականների համար «Մեկ Երկու Երկու» ակումբում, նա իրավունք ստացավ այցելել ֆրանսիացի ռազմագերիների ճամբարը, ելույթ ունենալ այնտեղ և լուսանկարվել նրանց հետ։ Հետագայում ֆրանսիացի ռազմագերիներից մի քանիսը օգտագործեցին Պիաֆի հետ իրենց լուսանկարները կեղծ անձնագրեր պատրաստելու և ճամբարից փախուստի դիմելու համար։

Նմանատիպ նյութեր