211652_close_icon
views-count13878 դիտում article-date 09:26 13-02-2023

Երեկ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր. Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում… Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն…ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»․ Հրանտ Մաթևոսյան

Երեկ՝ փետրվարի 12-ին, հայ մեծանուն գրող, տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր: Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել գրողի ընտանիքի անդամները, հարազատներ, արվեստագետներ ու նրա արձակի երկրպագուներ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին, պատմեցին հուշեր Մաթևոսյան մարդու և արձակագրի մասին: Գրում է «Չորրորդ իշխանությունը»։

ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի հոգեպարար երգը յուրօրինակ ձևով էր արձագանքում Պանթեոնի վեհ լռության մեջ՝ ներկաներին պարուրելով մաթևոսյանական շնչով, վերարժևորելով մեծանուն գրողի ծննդյան օրվա խորհուրդը:

Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը, նշեց. «Հրանտ Մաթևոսյանի խոսքն այսօր էլ արդիական  է, երբ ասում է՝  Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում…

Ինչ վերաբերում է մեր մեծերի հանդեպ վերաբերմունքին, հերթական անգամ ապացուցում ենք, որ ունենք հերթական եզակի անհատականությունը, որ Աստծու շնորհքով մեր իրականությանն է նվիրաբերված, որին առերես պաշտում ենք, առերես սիրում ենք, բայց չենք ընդունում, քանի որ մարգարեին չեն ընդունում: Դա  վկայություն է, դա խորհուրդ է, դա խոսք է հիվանդ, անառողջ հասարակության մասին: Եթե մի հասարակություն չի ընդունում  իր լավագույններին, իր եզակիներին, իր ճշմարտախոսներին, իր մարգարեներին, ինչ առաջընթացի, ինչ կայացման, ինչ պետականության ու հաղթանակների մասին կարող է խոսք լինել: Անընդհատ վրիպելու ենք, անընդհատ ձախավեր ենք լինելու, անընդհատ փոքր հաջողություններից ոգևորվելու ենք և մեծ վտանգները չտեսնենք ու այդպես շարունակ»: 

Անդրադառնալով Հրանտ Մաթևոսյանի թանգարանին՝ Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ կարողացել են սեփական ուժերով մասնակի կահավորել միայն թանգարանի դահլիճը, որը բարելավելու անհրաժեշտություն ունի՝ գոնե դահլիճի մակարդակով: Այստեղ ժամանակ առ ժամանակ բեմադրվում է Մաթևոսյանի «Գոմեշը» մոնոներկայացումը և տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ևս մի քանի ներկայացումներ: Մինչդեռ  հարկ է պետականորեն պատշաճ ուշադրություն դարձնել մշակույթի ու մշակութային օջախների գործունեությանը, ինչը չի արվում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր