211652_close_icon
views-count4030 դիտում article-date 20:31 08-10-2016

«Պատերազմին զուգահեռ՝ կյանքը Հալեպում շարունակվում է. նույնիսկ հարսանիքներ են տեղի ունենում». Արաքս Փաշայան

168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը – Տիկին Փաշայան, վերջին շրջանում շատ է քննարկվում Հալեպում հայերի մնալ–չմնալու հարցը. ի՞նչ տրամադրություններ և քննարկումներ կան այս հարցի շուրջ թե՛ Հալեպի ներսում, թե՛ այնտեղից դուրս: – Այս հարցը քննարկվում է 2011 թ.-ից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, որը ներքին խմորումներից վերաճեց միջազգային լայնամասշտաբ հակամարտության: Հայկական քննույթում մի քանի մոտեցումներ կան, շատ դեպքերում՝ որոշակիորեն հակասական: Մենք ուզում ենք, որ համայնքը չկործանվի ու չդատարկվի, բայց միևնույն ժամանակ՝ փափագում ենք, որպեսզի հալեպահայերը հեռանան Հալեպից դեպի անվտանգ տեղեր, առաջին հերթին՝ Հայաստան: – Իսկ ի՞նչ տեսակետ ունեն հենց հալեպահայերը: – Նրանց մեջ կան մարդիկ, որ չհեռանալու իրենց պատճառներն ունեն, ասենք՝ բանակում զինվոր ունեն: Կան անհետ կորած հարազատներ ունեցողներ: Մի զգալի մասը պնդում է, որ սիրահոժար կհեռանային, եթե համապատասխան դրամագլուխ ունենային, որպեսզի հետագայում, ասենք, նույն Հայաստանում, կարողանային նորմալ ապրել, և այլն: Մի մասը պարզապես չի ցանկանում թողնել տունը, ունեցվածքը, մտավախություն ունի՝ նոր միջավայրում դժվարությունների բախվելու, և այլն: Կան մեծահասակներ, ծերեր, հիվանդներ և այլք, որոնք, թերևս, անկարող են հեռանալ: Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ պատերազմը կավարտվի, Սիրիան կվերագտնի իր խաղաղությունն ու բնականոն ընթացքը: Ամեն պարագայում, թե՛ համայնքի պատասխանատուները, թե՛ համայնքի անդամները մեծ աշխատանք են կատարում՝ ինքնակազմակերպվելու և դժվարությունները դիմագրավելու առումով: Կարելի է ասել, որ պատերազմին զուգահեռ՝ կյանքը Հալեպում շարունակվում է. նույնիսկ հարսանիքներ են տեղի ունենում: – Արդյո՞ք իրատեսական է, որ Սիրիայում մոտ ապագայում պատերազմն ավարտվի. մենք տեսնում ենք, թե ինչ է այնտեղ կատարվում, թե ինչ շահեր են բախվում, և այլն: – Միշտ այնպիսի տպավորություն է, որ պատերազմը նոր է սկսվում: Հալեպում ռազմական գործողությունները նոր փուլ են թևակոխում: Պետության ու զինված ընդդիմության և ջիհադական կառույցների մոտեցումները միանգամայն իրարամերժ են ու անզիջում: Սիրիայի հարցի շուրջ շեշտակիորեն լարվել են հարաբերություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Շատ դեպքերում ոչ միանշանակ են նաև կողմերի դաշնակիցների հարաբերությունները: Կարելի է ասել, որ ձախողված են հրադադարի վերաբերյալ գոյություն ունեցող պայմանավորվածությունները: Սիրիայի շատ ու շատ շրջաններ դուրս են պետության վերահսկողությունից: Ռաքքայի շրջանն ընդհանրապես գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Սիրիան վերածվել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի հակամարտության թեժ հարթակի: Տևական ժամանակ է, ինչ երկիրը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ: – Այդ դեպքում ի՞նչ հեռանկար ունեն Սիրիայից հեռանալ չցանկացող հայերը: – Հայերը Սիրիան համարում են իրենց հայրենիքը, մեծ կապվածություն ունեն սիրիական միջավայրին, տեղական սովորույթներին: Նրանցից շատերի կարծիքով՝ պատերազմի ժամանակ էլ պետք է արժանապատիվ կեցվածք ունենալ: Սիրիայից հեռացածներից շատերը նույնիսկ ցանկություն ունեն վերադառնալ, երբ պատերազմն ավարտվի: Սակայն որքան էլ հիմնավոր լինեն պնդումները, ոչինչ չի կարող արդարացնել զոհերի փաստը, այդ թվում՝ երեխաների: Ինձ ցնցել է Հալեպում Հինդոյանների ընտանիքի ողերգությունը, երբ հաշված րոպեների ընթացքում համեմատաբար անվտանգ թաղամասում նրանք կորցրին իրենց երկու զավակներին: Հալեպահայերը, որքան էլ դժվար է, բայց պիտի նկատի ունենան, որ Սիրիան միայն Ասադների վարչակարգը չէ, որ բարեկամական ու ջերմ վերաբերմունք ունենա հայերի, և ընդհանրապես՝ քրիստոնյաների ու փոքրամասնությունների նկատմամբ: Սիրիան իրականում պահպանողական, կրոնականացված, նույնիսկ մոլեկրոն, շատ ու շատ շերտեր ունեցող սուննի մեծամասնության երկիր է: Մենք դեռ չգիտենք, թե պատերազմը ե՞րբ կավարտվի, ի՞նչ ելքով, հնարավոր ի՞նչ նոր ուժեր կգան, Սիրիան ի՞նչ պետություն կդառնա, և այլն: Վերջապես, տասնամյակներ են պետք Սիրիայի վերականգնման ու զարգացման համար, անգամ, եթե այսօր էլ պատերազմը վերջանա: Ցավալի է, որ հայերը երկրորդ անգամ են Սիրիայում նման սարսափների մեջ հայտնվում: Ոչ ոք չէր կարող մտածել, որ Սիրիային և սիրիական հասարակությանը նման դժբախտություն կպատուհասի: – Այս իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանը՝ որպես պետություն, հայ համայնքին օգնելու առումով, նաև՝ Հայաստան–Սիրիա հարաբերությունների առումով: – Բացթողումներ, թերացումներ ու ձախողումներ, բնականաբար, կան: Դրանց մասին շատ է խոսվել: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պատրաստ չէ օգնել համայնքին: Իսկապես անհրաժեշտ է համակարգել պետական ու հասարակական ջանքերն ու ծրագրերը, նաև՝ սիրիահայ համայնքի կարծիքները հաշվի առնելով՝ տարբեր խնդիրների վերաբերյալ ռազմավարություն ունենալ, հաշվարկել հնարավոր ամենածայրահեղ իրավիճակները, և այլն: Նաև՝ ավելի ակտիվացնել փախստականների և այլևայլ քաղաքական հարցերով Արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների հետ: Եթե համայնքի անդամներն ունենան անհրաժեշտ երաշխիքները, վստահ եմ՝ շատերը կտեղափոխվեն Հայաստան: – Հետաքրքրական է, որ միայն Ռուսաստանն ու Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Հալեպում: – Այո, դա նշանակում է, որ Հայաստանը պատասխանու է հալեպահայ համայնքի համար: Հալեպում ունենք հյուպատոսություն, իսկ Դամասկոսում՝ դեսպանատուն: Ի դեպ, Սիրիայում հավատարմագրված մեր դիվանագետները բացառիկ շնորհակալ գործ են կատարում: Ուզում եմ հատկապես ընդգծել Սիրիայում մեր դեսպանի՝ Արշակ Փոլադյանի, դեսպանատան խորհրդական Արմեն Սարգսյանի և վերջապես՝ Հալեպում մեր գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և այլոց կողմից իրականացվող շնորհակալ, բարդ ու պատասխանատու գործունեությունը, ինչը, ցավոք, բավարար չափով չի հանրայնացվում: Բայց փաստ է, որ դիվանագիտական խողովակներով այս ծանր իրավիճակում շոշափելի աշխատանք է տարվում թե՛ սիրիահայ համայնքին առնչվող խնդիրների, թե՛ հայ-սիրիական հարաբերությունների առումով: Ես հիշեցի Ա.Փոլադյանի այն խոսքերը, թե՝ սփյուռքը վիրավոր օրգանիզմ է, որի նկատմամբ պետք է լինել հավուր պատշաճի ուշադիր: Հուսով եմ, որ Հայաստանը կարող է Սփյուռքի հարցում խոսքից անցնել գործի: Նյութի աղբյուրը՝[url=http://168.am/2016/10/08/698683.html] www.168.am[/url]

Նմանատիպ նյութեր