211652_close_icon
views-count3420 դիտում article-date 15:10 07-10-2016

Էդգար Ալլան Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ հոկտեմբերի 7-ին նա մահանում է

Էդգար Ալլան Պոն ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։ 1820 թվականին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826 թվականին՝ Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833 թվականի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։ 1835 թվականի դեկտեմբերին Էդգար Պոն Southerm library messeger ամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը՝ Մարի Քլեմը, դստեր՝ Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորք ու հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնորարներն այնքան չնչին էին, որ գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838 թվականին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839 թվականին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։ Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ 1844 թվականին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չունեցան։ Փոխարենը՝ 1845-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովեցին աննախընթաց ժողովրդականություն։ Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը՝ Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար՝ ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849 թվականի հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։

Նմանատիպ նյութեր