211652_close_icon
views-count2098 դիտում article-date 13:31 28-05-2026

Կրակոցներ՝ Էջմիածին քաղաքում. քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին և հանցագործության գործիք ինքնաձիգը. դեղատան, դպրոցի, մի քանի տների լուսամուտներին ու պատերին առկա են կրակոցի հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպից, որի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացել էին օպերատիվ տեղեկություններ, անգամ, որ այդ միջադեպին մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատ էին ժամանել քրեական ոստիկանները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և մնում էր միայն պարզել կրակոցների փաստը, ու դա Արմավիրի մարզի քրեական ոստիկաններին հաջողվում է։

 Կարճ ժամանակում հաստատվում է կրակոցների փաստը ու քրեական ոստիկանները Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի և դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերում են կրակոցի բազմաթիվ հետքեր։

Օպերատիվ տեղեկություններով պարզվում է նաև, որ կրակոցի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցվում է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են նաև 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Քրեական ոստիկանների մի քանի ժամ շարունակ օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները 5 հոգու բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։

Եվ եթե Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ չստանային և այդ տեղեկություններով մի քանի անձանց չհայտնաբերեին, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները չէին իմանա այդ միջադեպի մասին։

Մինչդեռ միջադեպի վայրից ոստիկանության Վաղարշապատի բաժին հեռավորությունն այնքան մոտ է, որ համայնքային ոստիկանները կարող էին նույնիսկ ոտքով մոտենալ դեպքի վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։

․Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր