211652_close_icon
views-count1062 դիտում article-date 14:33 04-10-2016

Մաքսային միության երկրների ներկայացուցիչները Հայաստանում կքննարկեն բնապահպանական խնդիրներ

Հոկտեմբերի 11-13-ը տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով։ Գիտաժողովի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 1000-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում։ Բացման արարողությանը կհաջորդեն զեկույցները և քննարկումները: Հոկտեմբերի 12-13-ին արտադրական ձեռնարկություններում կկայանան արտագնա քննարկումներ և գործնական միջոցառումներ, որոնց տեղի և մյուս մանրամասների վերաբերյալ կհայտարարվի գիտաժողովի բացմանը: Գիտաժողովի հիմնական աջակիցն է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն: Կազմակերպիչների թվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովի մասնակիցներն են Եվրասիական Մաքսային միության երկրների ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվելու են գործնական և կիրառական ծրագրեր: Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Վահան Դավթյանը նշում է, որ 2011 թվականից սկսած՝ սա նման չորրորդ միջազգային գիտաժողովն է, սակայն ձևաչափն այս անգամ փոխվել է՝ նկատի ունենալով առավել կարևոր գործնական և ռազմավարական խնդիրները: Ըստ Վահան Դավթյանի՝ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակմամբ օրգանական և նավթային մթերքների ստացման տեսական և գործնական եղանակների կենտրոնացումը, գորշ ածխից հեղուկ վառելիքի վերամշակման նոր ուղիները և դրանց գործնական կիրառման տեխնոլոգիաները, առաջարկվող տեխնոլոգիաների բնապահպանական խնդիրների լուծումը, կանաչ տեխնոլոգիաների իրականացման հնարավոր մոտեցումները, առաջարկվող տեխնոլոգիաների տնտեսական արդյունավետության, շահութաբերության խնդիրները, ՀՀ-ում նման մշակումների արտադրական կիրառության հնարավորությունները, առաջարկվող գործընթացներում երիտասարդ, կարող ուժերի ներգրավումը և այլն: Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Նմանատիպ նյութեր