Արծիվները բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։
Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։