Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվում է արտաքին քաղաքական ուղղությունների փոփոխության մասին մտածել. Արտակ Զաքարյան
Հիմա պետք է մտածենք հավասարակշռության առումով արագ տեմպով նաև առաջ մղել ՀՀ-ԵՄ համագործակցության մեր խնդիրները: Այս մասին «Արտաքին ու ներքին զարգացումներ» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը, ում հարց էր ուղղվել, թե նոր կառավարությունը ծրագրո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն:
«Որքանով ես տեղյակ եմ՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվում է արտաքին քաղաքական ուղղությունների փոփոխության մասին մտածել»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը բացատրեց, թե ինչ է նշանակում փոփոխություն արտաքին քաղաքական կուրսում, ինչ են ընթացակարգերն ու տակտիկական խնդիրները։
«Փոփոխությունն այն է, որ մենք հրաժարվում ենք Հայաստան-ԵՄ հարաբերություներից, մենք մտածում ենք ԵՏՄ-ի հետ ավելի սառեցնել համագործակցությունը, մենք մտածում ենք այլընտրանքային համակարգերի մասին… չգիտեմ… Սրանք են փոփոխությունները, իսկ մանր-մունր տակտիկական խնդիրներ, ընթացակարգեր են, որոնք որ չեն կոչվում քաղաքական փոփոխություններ»,- մանրամասնեց Արտակ Զաքարյանը: