211652_close_icon
views-count1576 դիտում article-date 15:31 30-09-2016

Ճապոնիայի Ազգային ազգաբանության թանգարանում կայացել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես

Սեպտեմբերի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքի Ազգային ազգաբանության թանգարանում բացվեց «Խաչքարերի պատմությունը - Հայկական Խաչը և Քարը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսի համադրման աշխատանքներն իրականացվել են Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են փայտե և քարե խաչքարեր, հայկական զարդանախշ ափսեներ՝ Ազգաբանության թանգարանի հավաքածուից, ինչպես նաև հատուկ բերված Հայաստանից։ Ներկայացված է նաև մեծ մյուռոնաման՝ Հալեպի հայկական եկեղեցուց: Ցուցահանդեսի մաս են կազմում Նորադուզի խաչքարերի չորս կրկնօրինակներ, որոնք ստեղծվել են պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի կողմից։ Ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ ձևով պատմում են հայ ժողովրդի և Հայաստանի քրիստոնեական պատմության, հայկական համայնքներում խաչքարի արվեստի ձևավորման, զարգացման ու տարածման մասին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Ազգային Ազգաբանության թանգարանի տնօրեն Կենիչի Սուդոն, սույն թանգարանի պրոֆեսոր Միցուհիրո Շինմենը, Կիոտո Սեյկա Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կունիտո Նագաոկան և թանգարանագետ Գևորգ Օրբելյանը: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 11-ը:

Նմանատիպ նյութեր