«Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կասկածյալները ազատ արձակվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ մեղադրվող Սուրիկ Պետրոսյանը և Մհեր Մազմանյանը ազատ արձակվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մհեր Մազմանյանի փաստաբան՝ Նիկոլայ Բաղդասարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Մազմանյանի վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր պաշտպանական կողմի բողոքը առ այն, որ պետությունը չի կատարել իր պարտականությունը` կալանավորված անձի` Մհեր Մազմանյանի, վեց անչափահաս երեխաներին գոյատևման միջոցներով պետբյուջեի հաշվին ապահովելու վերաբերյալ. «Այս պահին պետության պարտականությունը դադարում է, քանի որ Մհեր Մազմանյանը ազատ է արձակվում, սակայն նախորդ երեք ամիսների համար պետությունը դեռ պարտք է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի երեկոյան 19:00-ի սահմաններում ձերբակալվել և երկու օր անց կալանավորվել էր ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի