211652_close_icon
views-count1067 դիտում article-date 17:13 28-09-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին խորհրդարանում, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները: ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունն ու մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ միջազգային հարթակներում Հայաստանի շահերը պաշտպանելու եւ մշտապես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողքին լինելու համար: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, Գալուստ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիայի կողմից 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը: Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ ինքն այստեղ է գտնվում Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին եւս մասնակցել է, եւ նա՝ որպես Հայաստանի բարեկամ, գոհունակությամբ փաստել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀ բանակի սպառազինությունը զգալի ավելացել Է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին՝ Ֆրանսիայի Սենատը կընդունի օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:  Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դեպքեր: Նա նշել է, որ ինքն արդեն 13-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ. ապրիլյան իրադարձություններից հետո եղել է Թալիշում եւ Մատաղիսում, տեղում ծանոթացել իրավիճակին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, գալիք խորհրդարանական ընտրություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր