211652_close_icon
views-count1177 դիտում article-date 17:12 27-09-2016

Երևանի կենդանաբանական այգում ընթացքի մեջ են վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները

Մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Ծրագրով նախատեսված է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ կառուցել գայլերի, արջերի, առյուծների ու թռչունների համար: Գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում շուրջ 6000 քմ-ով կավելանա այգու օգտագործելի տարածքը: Այն կլինի համապատասխան դիտահարթակներով, որպեսզի այցելուների համար համապատասխան հարմարություն ստեղծվի: Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաև առյուծների ազատավանդակը: Շուրջ 3000 քմ տարածք զբաղեցնող ազատավանդակը կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ: Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում նաև թռչունների ազատավանդակի հարցում: Կառուցվող նոր ազատավանդակը հնարավորություն կտա այցելուներին շփվելու թռչունների հետ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում Երևանի կենդանաբանական այգին դարձավ լավագույնն ամբողջ տարածաշրջանում: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում աշխատանքներ տարվեցին բոլոր ուղղություններով՝ ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ՝ այգին նորացվեց, ինչպես նաև համալրվեց նոր ազատավանդակներով: Կառուցվեցին նաև յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար:

Նմանատիպ նյութեր