Թուրքիան Գերմանիայից կրկին պահանջել է արտահանձնել երկրից փախած դատախազներին
Թուրքիան երկրորդ բողոքի նոտան է հղել Գերմանիային՝ պահանջելով արտահանձնել երկրից հեռացած դատախազներ Զեքերիա Օզային ու Ջելալ Քարային, հաղորդում է Anadolu-ն։
Ինչպես նշում է կայքը, Օզային ու Քարային թուրքական իշխանությունները մեղադրում են իսլամի քարոզիչ, FETO կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու և հեղափոխության կազմակերպմանը հեռվից մասնակից լինելու մեջ։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ նշված դատախազները կարող են բնակվել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում։
Անկարան առաջին նոտան հղել էր դեռևս 2015 թվականին։ Վերջիններիս հետաքննել էին 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բարձրացած խոշոր կոռուպցիոն սկանդալը, ինչից հետո լքել էին երկիրը։