Հունվարին մեկնարկած ԵՄ-ի գյուղատնտեսական ծրագիրն արդեն ունի տեսանելի արդյունքներ
2015 թվականի հունվարին մեկնարկած ԵՄ-ի ԵՀԳԳԶԾ (ENPARD) գյուղատնտեսական ծրագիրն արդեն ունի տեսանելի արդյունքներ: Ծրագրի արձանագրած զգալի ձեռքբերումները կարելի է տեսնել ոչ միայն զեկույցներում` թվերի տեսքով, այլեւ դաշտերում եւ նույնիսկ գնել հայաստանյան սուպերմարկետներում:
ԵՄ-ն ENPARD-ն իրականացնում է նաեւ Արեւելյան գործընկերության այլ երկրներում: Հայաստանում կատարված աշխատանքին եւ արդյունքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ փորձով կիսվելու համար Երեւան են ժամանել ENPARD Մոլդովայի եւ Վրաստանի փորձագետները, ովքեր եռօրյա այցի շրջանակում կայցելեն Հայաստանի հյուսիսում գտնվող Մեծ Մանթաշ գյուղ, որտեղ ծրագրի աջակցությամբ հիմնվել է բարձրարժեք պանրի մշակման 6 արտադրամասերից մեկը:
Այցը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին:
ENPARD ծրագրի նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի եւ արժեշղթաների կայուն զարգացումը: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակում տրամադրվել է 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար:
Միեւնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների եւ Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար: