211652_close_icon
views-count61183 դիտում article-date 13:20 26-09-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Հրազդանում. «Հայփոստ»-ի աշխատակիցները գործադուլ են սկսել՝ սպառնալով, որ կդիմեն ծայրահեղ միջոցի. նրանց են միանում թոշակառուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես Հրազդան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդան մասնաճյուղի ողջ անձնակազմը՝ ի նշան բողոքի հավաքվել է Հրազդան քաղաքում գործող իրենց մասնաճյուղի առջև և հայտարարում են անժամկետ գործադուլ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցներն արդարացիորեն ասում էին, որ իրավիճակի մասին իրենք դիմում-խնդրանքով հայտնել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հույս ունենալով, որ վարչապետի անմիջական միջամտության արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ-ի մեղքով մեծ թվով ընտանիքներ չեն արտագաղթի և կշարունակեն իրենց աշխատանքը հանուն ժողովրդի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ստորագրողները հայտնում են, որ 2007 թվականին մասնավորեցվել է նշված կառույցը և մինիմալ գներով վաճառվել ներկայիս սեփականատիրոջը, որից հետո Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները սկսել են հույս փայփայել, որ ամեն ինչ կկարգավորվի և կառույցն ավելի գործուն կդառնա։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ կատարվել են տեսողական որոշ բարեփոխումներ, սակայն աշխատակիցների աշխատավարձերի առումով որևէ փոփոխություն չի կատարվել. «Մենք հաշվի ենք առել երկրում տիրող սոցիալական ծանր դրությունն ու բոլորս աշխատել ենք ծանրաբեռնված ռեժիմով։ Հիմա «Հայփոստ»-ը որոշել է, որ Հրազդանի մասնաճյուղը պետք է փակվի և այն միանա Գեղարքունիքի մարզին։ Այսինքն, ստացվում է՝ մենք պետք է հրազդանցու թոշակը, նամակը, ծանրոցը, ծանուցագրերը հանձնենք Սևանից, այն դեպքում, երբ դա չի բխում նաև բնակչի շահերից»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գործադուլի մասնակիցներին իրենց համերաշխությունն են հայտնում նաև մեծ թվով թոշակառուներ, ովքեր ասում էին. «Ճիշտ է, մենք աղքատության նպաստ ենք ստանում ու հիմա էդ գրոշները ստանալու համար պիտի կամ գնանք Սևան, կամ սպասենք, թե Սևանից երբ են բերելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հրազդանով գնում ենք Սևան, Սևանով հետ ենք գալիս Հրազդան։ Տեսնես, էդ ո՞ր մի ծալապակասի մտքով է անցել էդ վայ-բարեփոխումները։ Ճիշտ է՝ վերջերս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ ինքը կախարդական փայտիկ չունի, որ հարցերը մի վայրկյանում կարգավորի, բայց այս դեպքում կախարդական փայտիկ պետք չի, թող դրսևորեն բարի կամք ու էս ժողովրդին դատարգյուն չանեն»։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ աշխատանք կորցնող «Հայփոստ»-ի աշխատակիցների մեծ մասը կհայտնվեն սոցիալապես անապահովների շարքում։ Կան աշխատակիցներ, որոնց տղաները ծառայում են Ղարաբաղում, ովքեր ասում էին, որ իրենց տված աշխատավարձը չի բավարարում անգամ, որ մի ծանրոց ուղարկեն պոստերը պահող զինվորին. «Եթե վարչապետը չմիջամտի և խնդիրը չլուծվի, մնում է՝ մեր ու մանուկ, ահել-ջահել գնանք Երևան, մեր բողոքի ակցիան այնտեղ կատարելու»։ Ի դեպ, ակցիային մասնակցող թոշակառուներն ասում էին, որ իրենք նույնպես կմիանան նրանց։ [img]/ups/images/0943326001474887613982117.jpg[/img] [img]/ups/images/0233080001474887629905821.jpg[/img] [img]/ups/images/0117640001474887675600859.jpg[/img] [img]/ups/images/0437837001474887686264432.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր