211652_close_icon
views-count5228 դիտում article-date 21:34 24-09-2016

Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում: Այցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի և ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները: Նույն օրը Սեյրան Օհանյանը այցելել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Անդրանիկի հարազատներին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին և նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր հնարավորության սահմաններում սատար կանգնելու նրանց և մնացած բոլոր զինծառայողների հարազատներին։ Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Անդրանիկի հայրը վերհիշել է որդու հետ կապված հիշարժան դրվագներն ու զինծառայության մեկնելու նախօրյակին նրան տրված պատգամները։ Ատոմ Զոհրաբյանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր