Կոռուպցիան ուռուցք է, որը պետք է հեռացնել մարմնից. Դմիտրի Վելիկովսկի
«Թվապատում 2016» համաժողովի շրջանակում հետաքննող լրագրող Դմիտրի Վելիկովսկին այսօր Մատենադարանում իր գործընկերների համար ներկայացրեց «Պանամական փաստաթղթերի» ուսումնասիրման պատմությունը:
«Ավելի քան հարյուր լրագրողներ ուսումնասիրել են պանամական փաստաթղթերը, որոնց թիվը մոտ 12 միլիոն է: Նման ծավալով փաստաթղթերի արտահոսք պատմության մեջ չէր եղել: Արտասահմանցի գործընկերներս այդ ցուցակներում ձգտում էին գտնել գոնե մեկ-երկու անուն, որոնք առնչվում են իրենց երկրին: Ռուսաստանից այդ ցուցակում կային Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը, սակայն ամենավառը երաժիշտ, խմբավար Սերգեյ Ռոլդուգինն է»,-ասաց Դմիտրի Վելիկովսկին:
Ռոլդուգինը նախագահ Պուտինի ընկերն է, վերջինիս դստեր կնքահայրը: Նա մի առիթով ասել էր, որ միլիոնատեր չէ. «Սակայն պարզվեց, որ նա ոչ թե միլիոնատեր է, այլ միլիարդատեր: Նրա անվան հետ երկու օֆշոր է կապված, որոնցից մեկը` 2 միլիարդանոց: Մի կողմից, դրանք հսկայական գումարներ են, մյուս կողմից` վաստակվել են տարօրինակ ճանապարհով` օֆշորի միջոցով, օրինակ` երկու օրում` 14 միլիոն դոլար: Իմ գործընկերներն էլ դժվար էին հավատում, որ նա միլիարդների է տիրապետում»:
Վելիկովսկին ընդգծեց, որ չնայած լրագրողական հետաքննությանը` ոչ մի պաշտոնյա պաշտոնանկ չարվեց. «Շատ ամբիոններից, այդ թվում` Պեսկովի կողմից ասվեց, որ պանամական փաստաթղթերը պատվեր են, մինչդեռ կոռուպցիան ուռուցք է, որը պետք է հեռացնել մարմնից»: