211652_close_icon
views-count1901 դիտում article-date 18:56 23-09-2016

Սանկտ Պետերբուրգում` Թավրիդյան պալատում, ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում` Թավրիդյան պալատում, ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին: Ընդունելությանը մասնակցում էին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՌԴ ԱԳՆ, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, գիտության և մշակույթի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ: Ընդունելության մասնակիցներին ուղղված խոսքում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա ուղին և արձանագրված ձեռքբերումները: ՀՀ հյուպատոսը ընդգծեց, որ իրավական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում համակարգային փոփոխություններին զուգահեռ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված են դիմագրավել արտաքին վտանգներին ու անվտանգության սպառնալիքներին: Հրայր Կարապետյանը, անդրադառնալով օրեր առաջ մեծ հանդիսությամբ նշված Արցախի անկախության 25-ամյակին, նշեց, որ արցախահայությունն, իր ազատ կամքն արտահայտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, իրագործել է հայրենիքում խաղաղ ապրելու իր անքակտելի իրավունքը: Ապրիլյան դեպքերի համատեքստում գլխավոր հյուպատոսը նշեց, որ Ադրբեջանի կողմից բիրտ ուժի դրսևորումները մատնված են անհաջողության և միշտ կարժանանան հուժկու հակահարվածի: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սանկտ Պետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապևալովը, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ Պետերբուրգում Վոլոգդայի մարզի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան: ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսին և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ հղեցին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը:

Նմանատիպ նյութեր