ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ուշադրություն են հատկացրել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների կատարմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ երեկոյան տարածել են համատեղ հայտարարություն, որում ամփոփել են Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները: Հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում, նշվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրյոն, Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նպատակ ունենալով շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ քննարկումները:
Հանդիպումների ընթացքում մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացրել Վիեննայի (2016 թվականի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016 թվականի հունիս). գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված որոշումների կատարմանը: Մասնավորապես, քննարկվել են այն հետագա քայլերը, որոնք կարող են մթնոլորտ ստեղծել առարկայական բանակցություններում առաջընթացի համար, ինչը կհանգեցներ հակամարտության կարգավորման:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել այն առաջարկությունների շուրջ, որոնք կողմերը կարող են քննարկել:
Մեր երկրների կառավարությունները պատրաստ են իրենց մոտ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը նրանց հարմար ժամկետներում: Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»: