18170 դիտում
23:29 19-09-2016
Ինչպես գործի դնել կախարդական փայտիկը
Կախարդական փայտիկը (ռուս. волшебная палочка, անգլ. wand) հրաշագործի զենքերից է, որը որոշակի կերպով շարժելով, կարելի է հրաշք գործել: Փայտիկը կենտրոնացնում է հրաշագործի կամքը և ստեղծված կամային լիցքն ուղղում անհրաժեշտ ուղղությամբ: Առանձնահատուկ ուժեղ հրաշագործն ունակ է ժամանակի, տարածության ու իրերի վրա ազդել մտքի ուժով՝ առանց կախարդական փայտիկի: Հրաշագործները գաղտնի են պահում կախարդական փայտիկի պատրաստման և կիրառման ձևերը, որպեսզի այն ի չարս չօգտագործվի չարաճճի երեխաների, սրիկաների, մութ ուժերի կողմից:
Կախարդական փայտիկը բարակ, ուղիղ, ողորկ փայտ է: Երբեմն ունի մտրակի, նիզակի կամ գավազանի տեսք: Հնդեվրոպական ժողովուրդների մի մասի հին աստվածները պատկերված են ձեռքին կախարդական փայտիկ հիշեցնող ինչ-որ բարակ երկար առարկա բռնած, որն իշխանության խորհրդանիշ է: Ինչպես նաև՝ շատ ժողովուրդների քրմեր, հոգևոր առաջնորդներ օգտագործել են գավազան՝ որոշ ծիսակատարությունների ժամանակ: Կախարդական փայտիկի կերպարը լայն տարածում է գտել հեքիաթներում:
[b][align=center]Կախարդական փայտիկի հեքիաթը[/align][/b]
[b]Թագավորությունում ապրում էր մի աղջիկ: Նա թագավորության սիրելին էր: Նրա մշտապես լուսավոր դեմքը բարություն և երջանկություն էր ճառագում: Որտեղ հայտնվում էր՝ ուրախություն էր տարածվում: Երբ աղջիկը մեծացավ, նրան իր մոտ հրավիրեց փերին և ասաց.
- Թանկագինս, դու արդեն մեծ ես, խելացի, գեղեցիկ, և ամենակարևորը՝ դու առանձնահատուկ ուժ ունես, առանձնահատուկ շնորհ: Քո սիրտը լի է բարությամբ և ազնվությամբ: Դու արդեն կարող ես իրականացնել քո կոչումը:
[img]/ups/images/0414434001474254237315615.jpg[/img]
Այնուհետև փերին բացեց զարդատուփը, այնտեղից հանեց մի կախարդական փայտիկ և մեկնեց աղջկան:
- Ի՞նչ է սա,- հարցրեց աղջիկը:
- Սա կախարդական փայտիկ է: Այն կարող ես կիրառել ամենուր, սակայն մեկ պայմանով,- ասաց փերին:
- Ի՞նչ պայման:
- Այն գործում է, միայն երբ ցանկությունդ համընկնի կոչմանդ:
- Իսկ ո՞րն է իմ կոչումը,- զարմացած և տագնապած հարցրեց աղջիկը, դողացող ձեռքով վերցնելով կախարդական փայտիկը:
- Սիրելիս,- փերին մոտեցավ ու մեղմորեն գրկեց աղջկան,- ինքնդ պիտի զգաս դա: Միայն դու գիտես հարցիդ պատասխանը, ականջ դիր քեզ,- ասաց փերին և անհետացավ:
Աղջիկը գիշեր-ցերեկ փնտրում էր իր հարցի պատասխանը: Բայց ինչին դիպչում էր, փայտիկը չէր աշխատում: «Ինչպե՞ս գտնել կոչումը». Այս հարցը հանգիստ չէր տալիս աղջկան: Ուրախ ու երջանիկ աղջնակից նա վերածվել էր տխուր և հոգնած երիտասարդ աղջկա: Նա արդեն չէր դիմանում: Եվ որոշեց դիմել իմաստունին:
[img]/ups/images/0644908001474254270684779.jpg[/img]
Իմաստունն ապրում էր հեռավոր, մեծ դղյակում: Դղյակի շուրջը հսկայական այգի կար: Աղջիկը մտավ այդ այգին, որտեղ տեսավ երկու թիթեռների, որոնք բռնոցի էին խաղում: Հանկարծ թիթեռներից մեկը իր գույնզգույն թևիկով հարվածեց մյուսին:
[img]/ups/images/0498479001474254284773723.jpg[/img]
Վերջինս նեղացավ ու լաց եղավ: «Բայց այդպես չի կարելի»,- մտածեց աղջիկը: Նույն պահին նրա կախարդական փայտիկը մի պահ լուսավորվեց: «Այս ի՞նչ եղավ»,- նայելով փայտիկին, մտածեց աղջիկը: Հանկարծ նրա մոտ վազեց նապաստակն ու հռհռալով ասաց. «Բարև աղջիկ: Իմաստունը սպասում է քեզ: Արագ արի ինձ հետ»:
[img]/ups/images/0298328001474254295611405.jpg[/img]
Նապաստակն այնքան արագ էր վազում, որ աղջիկը չէր հասցնում շուրջը հայացք նետել: Նրանք վազելով հասան բացատ, որտեղ ճոճաթոռին նստած էր իմաստունը:
- Բարև աղջիկ, դու շատ տխուր և դժբախտ տեսք ունես: Ի՞նչ է պատահել:
- Օ, իմաստուն, ես երկար ժամանակ փորձում եմ կիրառել կախարդական փայտիկը, բայց ոչինչ չի ստացվում: Չգիտեմ՝ ինչ անեմ: Որտեղ եղել եմ, ինչ արել եմ, ոչ մի կերպ այն չի աշխատում:- Եվ աղջիկը լաց եղավ:
Իմաստունը ոտքի կանգնեց ճոճաթոռից և մոտեցավ աղջկան:
- Հիշո՞ւմ ես այն թիթեռներին, որոնց տեսար այգում:
- Այո:
- Ի՞նչ էին նրանք անում:
- Նրանք խաղում էին, հետո մեկը մյուսին հարվածեց,- փնթփնթաց աղջիկը:
- Հետո ի՞նչ եղավ:
- Այն թիթեռը, որին հարվածել էին, նեղացավ ու լաց եղավ:
- Իսկ հիմա ասա. Նա ի՞նչ պետք է աներ:
Այդ պահին աղջիկը աշխուժացավ ու պատասխանեց.
- Նա պետք է պաշտպաներ իրեն, բացատրեր, որ ցավ է զգում, և այլևս չի խաղա նրա հետ, եթե վերջինս կրկին այդպես վարվի:
- Իսկ ի՞նչ արեց նա:
- Լաց եղավ և ոչինչ չպատասխանեց:
- Եթե դու մոտենայիր և պաշտպանեիր թիթեռին, այդպիսով նրան կօգնեի՞ր:
- Ոչ: Մեկ այլ անգամ, եթե այդպիսի բան կրկնվեր, նա պիտի սպասեր ինչ-որ մեկի օգնությանը, որը կարող է և չհասներ:
- Տեսնո՞ւմ ես, աղջիկս, դու ամեն ինչ գիտես և հասկանում ես: Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Սովորելու և հասկանալու համար պետք է ինքնուրույն ինչ-որ բան անել:
- Ես միևնույն է չեմ հասկանում՝ ինչ անել,- մեղմ ձայնով ասաց աղջիկը, թեթև կախելով գլուխը: Հանկարծ կտրուկ բարձրացրեց գլուխը, կարծես ինչ-որ կարևոր բան հիշելով. - Այն պահին, երբ ես մտածեցի, որ «այդպես չի կարելի», իմ կախարդական փայտիկը լուսավորվեց:
- Պատասխանն արդեն ունես,- բարի ձայնով ասած իմաստունը:- Լսիր քեզ:
- Դա այնքան բարդ է,- տխուր ասաց աղջիկը:
Իմաստունն ի պատասխան ժպտաց և մնաս բարով ասաց աղջկան:
Աղջիկը վերադարձավ այգի, այնտեղ, որտեղ տեսել էր բռնոցի խաղացող թիթեռներին: Բայց նրանք չկային: Աղջիկը նստեց խոտի վրա, դիտեց, թե ինչ է կատարվում շուրջը՝ փորձելով ականջ դնել իրեն:
[img]/ups/images/0169660001474254321106240.jpg[/img]
Հանկարծ երևաց այն թիթեռը, որին նեղացրել էին: Աղջիկը մոտեցավ և ասաց.
- Այդպես ապրել չի կարելի:
- Բայց ես միշտ այդպես եմ ապրել: Բոլորն ինձ նեղացրել են,- թախծոտ ձայնով ասաց թիթեռը:
- Իսկ դու ուզո՞ւմ ես ինչ-որ բան փոխել,- հարցրեց աղջիկը, և այդ պահին կախարդական փայտիկը լուսավորվեց:
- Շատ եմ ուզում: Ուզում եմ, որ ինձ սիրեն, ուզում եմ խիզախ լինել և թույլ չտալ, որ ինձ նեղացնեն, ուզում եմ բարիք գործել և օգնել ինձ նման թիթեռներին:
Աղջիկը թափ տվեց կախարդական փայտիկը, և թիթեռը համարձակ ու թեթև թռվռաց:
- Շնորհակալություն, փերի,- ուրախ բացականչեց թիթեռն ու թռավ գնաց:
[img]/ups/images/0489587001474254342236402.jpg[/img]
«Կարծես, թե հասկացա»,- մտածեց աղջիկը և սկսեց բարիք գործել: Նրա կախարդական փայտիկը այլևս երբեք չմարեց: Որտեղ նա հայտնվում էր, կրկին ուրախություն ու երջանկություն էր իջնում: Աղջիկն օգնում էր վերականգնել հավատն այնտեղ, որտեղ նույնիսկ հույս չէր մնացել:[/b]
[b][align=right]Յանա Կուլիշ[/align][/b]
--
Հեքիաթը գրական ժանրի վերածվեց Ռոմանտիզմի դարաշրջանում («Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհում, ավելի լավ երկրներում դեռ պարզ հասկացողություն չունեն։ Կարծում են դա հեշտ ու հանաք բան է։ Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են»:- Հովհ. Թումանյան): Որպես մշակութային երևույթ, ռոմանտիզմը յուրահատուկ աշխարհաըմբռնում է և ընդգրկում է մշակույթի բոլոր բնագավառները:
[img]/ups/images/0027862001474254360772850.jpg[/img]
[i]Ռոմանտիզմի հիմնադիրներ՝ Ֆրիդրիխ Շլեգել, Յոհան Հերդեր, Նովալիս, Ֆրիդրիխ Շելինգ[/i]
Ռոմատիզմի գեղագիտական սկզբունքները հիմնվում են ազատ անհատի իդեալի վրա և հակադրվում կլասիցիզմի հերոսական մարդու իդեալին: Ռոմանտիկը կյանքի պատկերման մեջ առաջ է մղում իդեալականը, իրականությունը վերակերտում է իդեալի համաձայն: «Գրողը,- ասում է Րաֆֆին,- ստեղծում է այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չեն, այլ ապագայում պետք է հայտնվեն»:
[img]/ups/images/0814949001474254375137216.jpg[/img]
[i]Հայ ռոմանտիկ գրողներ՝ Խաչատուր Աբովյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Պետրոս Դուրյան, Ծերենց, Ռափայել Պատկանյան, Րաֆֆի, Ղևոնդ Ալիշան, Սմբատ Շահազիզ[/i]
Ռոմանտիկ հեիքաթում կախարդական փայտիկը խորհրդանշում է կամք և իշխանություն: Այսինքն, ունենալ կախարդական փայտիկ, նշանակում է ունենալ կամք և իշխանություն: Հոգեբանորեն ապացուցված է, որ եթե մարդը խոսում է կախարդական փայտիկ չունենալու մասին, ապա անուղղակի ակնարկում է, որ կամք և իշխանություն չունի: Հեքիաթում կախարդական փայտիկ ունեցողը ազդում է տարածության, ժամանակի, իրերի վրա՝ ի բարօրություն կամ ի վնաս մյուսներին: Իրականում քաղաքական կամք և իշխանություն ունեցողը կարող է գործել ի բարօրություն կամ ի վնաս մարդկանց, իրականացնել հասարակական կամ համակարգային փոփոխություններ (այլ կերպ ասած՝ փոխել իրականությունը, ազդել տարածության, ժամանակի և իրերի վրա):
[img]/ups/images/0808899001474254420973138.jpg[/img]
Ի դեպ, կախարդական փայտիկը գործում է միայն այն դեպքում, երբ կախարդական փայտիկը գործածողը ճանաչում է իրեն, գիտի իր կոչումը-առաքելությունը, գործում է իր կոչմանը նվիրված-հավատարիմ (ինչպես վերը բերված հեքիաթում): Այս առումով իր կոչումն ու առաքելությունը գտած, իր կոչմանն ու գործին հավատարիմ-նվիրված մարդն արդեն իսկ ունի «կախարդական փայտիկ»: Եվ մեծ հաշվով՝ «կախարդական փայտիկ» ունեն բոլորը. Պարզապես որոշ մարդիկ իրենց կոչումը չեն գտել, և նրանց թվում է, թե կախարդական փայտիկ չունեն:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
15:45 03-03-2014
Ինչպես գործի դնել «նստած» մարտկոցով մեքենայի շարժիչը, տեսանյութ
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել