211652_close_icon
views-count1270 դիտում article-date 16:16 16-09-2016

Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում երկու երկրի առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը և Վրաստանը ներկայումս համատեղ ջանքեր են ներդնում հանրային առողջապահության, առողջապահական գլոբալ այլ մարտահրավերների` մասնավորապես վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ: Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով մեր երկրում բուժաշխատողների համար ներդրվող շարունակական մասնագիտական զարգացման նոր մոդելին` նա կարևորեց համատեղ միջազգային համաժողովների անցկացումը: Նախարարի պաշտոնակատարը առանձնակի կարևորեց Վրաստանի հարավում` Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնությանը վերաբերող հարցերը: Մասնավորապես նա նշեց, որ դեռևս նախորդ տարի Վրաստան այցելության ընթացքում Ջավախքի բնակչության խնդրանքով նա անդրադարձել է այնտեղ հեմոդիալիզի ծառայության ստեղծման անհրաժեշտությանը: Խոսքը աշխարհագրական հասանելիության ապահովման և բարելավման մասին է: Այս ծրագիրը կնպաստի, որ տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող ՀՀ քաղաքացիները հեմոդիալիզի ծառայությունից օգտվեն հենց իրենց բնակության վայրում։ Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում ևս էական քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնության հասանելիության ապահովման, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացման գործում: Դեսպանն ընդգեց, որ Հայաստանը Վրաստանի համար կարևոր հարևան է: Դիվանագետի խոսքով` պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները համագործակցությունն առողջապահության ոլորտում առավել զարգացնելու համար: Հիշեցնենք,որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն մասնակցել է այս տարվա մարտին Երևանում անցկացված «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում կողմերը ստորագրել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն: Միջոցառման ընթացքում ձեռք է բերվել նաև հայ-վրացական համաժողովի անցկացման պայմանավորվածություն: Երկկողմ քննարկումների արդյունքում, որոշվել է նաև ստորագրել համագործակցության մասին նոր համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և սահմանված կարգով արդեն վրացական կողմի կարծիքին է ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծը: Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվում է տեղեկատվության փոխանակման, տարածաշրջանային համագործակցության մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր