211652_close_icon
views-count1066 դիտում article-date 19:01 09-09-2016

Հայաստանում է Ղազախստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դաուլետ Երգոժինի գլխավորած պատվիրակությանը: Երկու երկրների ՊԵԿ ղեկավար անձնակազմերի աշխատանքային հանդիպման առանցքը եղել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում հայ-ղազախական գործակցությունը: Դեռևս 2000թ.- ից Հայաստանի և Ղազախստանի միջև գործող համաձայնագրի շնորհիվ մեր երկրների հարկային և մաքսային մարմինները կարողանում են բարձր արդյունավետությամբ փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսկ 2012թ.-ին կնքված համաձայնագիրը թույլ է տալիս բացառել կրկնակի հարկումը: «Մեր գերատեսչությունները կընդլայնեն հարկային և մաքսային տեղեկատվության փոխանակումը՝ անցնելով գործընթացի ավտոմատացմանը՝ միջազգային չափանիշների համաձայն: Դա արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հնարավորություն կտա տնտեսել աշխատաժամանակը, աշխատուժն ու ֆինանսական ռեսուրսների ծախքերը և բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը»,-նկատել է Հովհաննես Հովսեփյանը: Կողմերը համաձայնել են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Մաքսային ոլորտում ՀՀ և Ղազախստանի Հանրապետության համագործակցության ամրապնդման գծով 2016թ. համատեղ գործողությունների ծրագրի» կատարումն ապահովելու համար: Առաջարկվել է հետագայում նույնպես կիրառել երկու կողմերի միջև համատեղ գործողությունների ծրագրեր նախաձեռնելու պրակտիկան: «Ղազախստանն այս տարվանից նախատեսել է ներդնել խոշոր հարկատուների աուդիտի էլեկտրոնային համակարգ, ինչը թույլ է տալու կրճատել ստուգումների անցկացման ժամկետները և նվազեցնել դրանց իրականացման ծախսերը: Այդ առումով, կարծում եմ, մեր կառույցների միջև համագործակցության ևս մեկ հարթակ է ձևավորվելու»,-նշել է Հ. Հովսեփյանը: ՀՀ և ՂՀ ՊԵԿ պաշտոնակիցներն անդրադարձել են նաև հայաստանյան և ղազախական այն ռեզիդենտների հետ կապված հարկային տեղեկատվության փոխանակման խնդիրներին, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում և եկամուտներ ստանում մյուս երկրի տարածքում: Բացի այդ ուսումնասիրվել են տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների գծով տեղեկատվության փոխանակման հարցերը՝ հաշվետվությունների ներկայացումից ու հաշիվների դուրսգրումից մինչև ապրանքների դրոշմապիտակավորում: Կողմերը դիտարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարը: «Հայաստանյան մեր գործընկերների հետ քննարկում ենք դեպի Ղազախստան տրանսպորտային երթուղիների բացման հարցը, քանի որ հայկական ապրանքների համար Ղազախստանի տարածքում առևտրի մեծ ներուժ կա, որը կարող է նպաստել ոչ միայն հարկային-մաքսային ծառայությունների փոխհարաբերությունների բարելավմանը, այլև, առհասարակ, մեր տնտեսությունների զարգացմանը»,-ընդգծել է Դաուլետ Երգոժինը: Հանդիպման ավարտին Հովհաննես Հովսեփյանը և Դաուլետ Երգոժինը քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր