Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմարդյունաբերական 24-րդ միջազգային ցուցահանդեսին:
Այցի ընթացքում Դավիթ Փախչանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ:
Հանդիպմանը երկու երկրների պաշտպանության փոխնախարարները քննարկել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, անդրադարձել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության գործունեությանը՝ այն դիտարկելով որպես դրական օրինակ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կողմերը շեշտել են, որ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության գործունեությունը կարող է դառնալ նախադեպ լեհական այլ ընկերությունների հետ համագործակցության համար: