211652_close_icon
views-count3678 դիտում article-date 13:28 06-09-2016

Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր. Է. Շարմազանով

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ: Զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր է օգտագործել ողջ ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար: ԱԺ փոխնախագահը Կլաուդիո Ավրուխին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես կայունության եւ խաղաղության ջատագով: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլեւ շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: «Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Արցախի անկախությունը կայացած փաստ է: Նա ընդգծել է, որ ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է:

Նմանատիպ նյութեր