211652_close_icon
views-count7010 դիտում article-date 21:36 05-09-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը, որի հիմնական նպատակը հեռուստատեսության և ռադիոյի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է: Սերժ Սարգսյանն այնուհետև Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում» ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակների, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Նախագահը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և ռադիոընկերության ղեկավարության ուղեկցությամբ այցելել է կենտրոնական եթերային սենյակ, որտեղ տրվել է Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը: Պատասխանատուների հավաստմամբ, թվային հեռարձակմամբ ցանկացած թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույցով այսուհետ ՀՀ ամբողջ տարածքում հասանելի կլինի նաև Հանրային ռադիոն: Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանի քաղաքականությանը՝ սեպտեմբերի 1-ին թողարկված եթերացանցին և վերանայված ծրագրացանկին, որը, ռադիոընկերության պատասխանատուների ներկայացմամբ, համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների շուրջ 20 նոր ծրագրերով՝ լսարանի հետ հետադարձ կապի, սոցիալական ծառայությունների մատուցման, հասարակական շահերի սպասարկման առաջնահերթ ուղղվածությամբ: Հանրապետության Նախագահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ամփոփ ներկայացրել է ռադիոյում կատարված աշխատանքները, գործունեության համար ստեղծված պայմանները, այդ թվում՝ ռադիոտան շենքում 2013թ-ից մեկնարկած վերանորոգման և վերակառուցման, հարակից տարածքում կատարված բարեկարգման աշխատանքները: Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ: Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյանի և պարգևների արժանանալու կապակցությամբ. «Սա այն հոբելյաններից է, երբ շնորհավորանքները վերաբերում են բոլորիս: Անշուշտ, երկար տարիներ որպես երկրորդ ներքին ձայն, ամեն առավոտ պետական ռադիոն մեզ արթնացնում էր, լիցքավորում, լավ տրամադրություն հաղորդում, ուղարկում կա՛մ աշխատանքի, կա՛մ ուսումնական հաստատություն, այնուհետև՝ տեղեկացնում մեզ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կրթում, մատուցում հայկական և համաշխարհային գրականության և երգարվեստի գոհարներ: Այսօր էլ այս համատարած լրատվական աղմուկի և շիլաշփոթի մեջ հաճելիորեն տարբերվում է Հանրային ռադիոյի ձայնը: Եվ ես՝ որպես ռադիոլսող, շատ ուրախացա տեղեկանալով, որ Հանրային ռադիոն վերադառնում է մարդկանց տներ, որ Հանրային ռադիոն հասանելի է լինելու ունկնդիրներին այս անգամ թվային ձայնով՝ շատ ավելի մաքուր: Գիտեք՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա առնվազն երկու մեծ դարբնոց գոյություն ունի՝ մեկը Երևանի պետական համալսարանը՝ գիտության և կրթության համար, և երկրորդը՝ Հանրային ռադիոն՝ ժուռնալիստիկայի համար: Եվ շատ հաճելի էր «Մասս Մեդիա» կենտրոնում տեսնել, որ արդեն նոր, լավ պայմաններում հնարավորություն է ստեղծվել պատրաստելու նոր կադրեր, և շատ գեղեցիկ է ու խորհրդանշական, որ ամեն առավոտ մեր ուսանողները, անցնելով «Նվիրյալների արահետով», կներշնչվեն նրանց օրինակով և կապահովեն մեր ժուռնալիստիկայի շարունակականությունը: Ճանաչելով այն մարդկանց, ովքեր այսօր իրենց նվիրել են Հանրային ռադիոյի զարգացման գործին, ես վստահ եմ, որ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, անպայման պահելու և պահպանելու են մեր ավանդույթները: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ»,-Հանրային ռադիոյի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր