Մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը
Այս գիշեր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հ. Թամրազյանը ծանր հիվանդություն ուներ և երկար ժամանակ բուժվում էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկականկենտրոնում։
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում էր Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր։
Նա բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ էր։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում էր Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ էր, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։
Հրաչյա Թամրազյանը գրական−թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների. Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
«Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար, տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,
Հայ−ռուսական (սլավոնական) համալսարանի (2003) և Հայաստանի Գրողների միության սահմանած (2005) «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներին՝ թարգմանչական գործունեության համար,
արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի,
«Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին,
պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ: