Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր
Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։
Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։
Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։
Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։
Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։ Որոշ եգիպտացիներ բարձր էին գնահատում մեղրը և մեղուներին, դրա մասին վկայում է այն, որ սկսած առաջին դինաստիայից մինչև հռոմեական դարաշրջանները էմբլեմների, ինչպես նաև դամբարանների վրա մեղու է նկարված եղել։