211652_close_icon
views-count23956 դիտում article-date 19:45 28-08-2016

1970 թվականի սենսացիոն իրադարձությունն ու Վովա փղի ողբերգական վախճանը

Ըստ փաստաթղթերի Վովա փիղը ծնվել է 1927 թվականին, մեկ տարեկան հասակում Հնդկաստանից տեղափոխել էին Խորհրդային Միություն։ Սկզբում ապաստանել էր Ռուսաստանի, ապա Ուկրաինայի կենդանաբանական այգիներում։ Վովան՝ վարժեցնող Իվան Նիկոնի Շչերբանի ղեկավարությամբ, մասնակցում էր կենդանաբանական այգուն կից կազմակերպվող կրկեսային ներկայացումներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կենդանաբանական այգին տարհանում են, տրանսպորտի բացակայության պատճառով վարժեցնողն ու փիղը ոտքով ճանապարհ են ընկնում և 1941 թվականի աշնանը հասնում են Երևան։ Հեզ վարքի տեր կենդանին կարճ ժամանակում դառնում է նոր կառուցվող կենդանաբանական այգու աշխատակիցների և երեխաների սիրելին։ Փիղը օգնում էր բանվորներին շինանյութ տեղափոխել, մեջքին նստեցրած ման էր ածում երեխաներին։ Պատերազմի տարիներին փիղը օգնում, հրում էր Մյասնիկյան պողոտայի զառիթափին կանգնած մեքենաները։ Կենդանաբանական այգու բացումից առաջ փիղը համարյա ազատ էր, բայց 1945 թվականից հետո նրան փակեցին վանդակում։ Հետագա 30 տարիների ընթացքում ոչ փղարանի չափերը, ոչ էլ կենդանու սնունդը չէին ավելացել։ Կենդանին մեկ անգամ ջարդելով պատը դուրս էր եկել ու բարձրացել կողքի բլուրը արածելու։ 1970 թվականի հունիսի 28-ի առավոտյան Վովան դուրս է գալիս փղարանից և չենթարկվելով ոչ մեկին մտնում Մյասնիկյան պողոտա։ Վարժեցնողը այդ օր բարձր տաքությամբ պառկած էր, իսկ ուրիշ ոչ մեկի փիղը չէր լսում։ Փիղը հարձակվում է անցնող տրոլեյբուսի վրա, ճզմում ետնամասը։ Հետո հարձակվում է կանգնած ՈւԱԶ ավտոմեքենայի վրա ժանիքներով բարձրացնում և նետում մի կողմ։ Արդյունքում ջարդում է ժանիքը, որի ցավը ավելի է կատաղեցնում կենդանուն։ Զինվորներ են կանչում, որոնք փորձում են կրակելով կանգնեցնել կենդանուն։ Հետո գալիս է զրահապատ մեքենա, որը կենդանուն ետ՝ դեպի կենդանաբանական այգի քշելու անհաջող փորձից հետո, հարվածելով տապալում է նրան ու սպանում։ Չնայած, որ մեծ թվով մարդիկ դարձան Վովայի մահվան վկաները, պատահարի հաջորդ օրը կենտրոնական թերթերը հաղորդեցին, որ «կենդանաբանական այգուց փախած փղին բարեհաջող վերադարձրել են, և ներկա պահին նա իր վանդակում է»։

Նմանատիպ նյութեր