211652_close_icon
views-count69364 դիտում article-date 19:05 27-08-2016

Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «Ծերուկն անտանելի է դարձել»․ Զգույշ եղեք Պարոն Հակոբյան, 100 տարի չի անցել, մարդիկ հիշողություն ունեն, փաստերով խոսեք, փաստերով...

Երեկ ողջ համացանցով տարածվել էր մի նյութ, որտեղ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մի արտահայտություն էր արել, որ Քաղաքի Մշակույթի տունը 1940 թվականից ի վեր չի վերանորոգվել։ Պարոն Հակոբյան, թույլ տվեք , որպես Ձեր նշած Քաղաքի Մշակույթի տան, իսկ ավելի ճիշտ Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի տնօրեն, մեկ–երկու ճշտումներ անել Ձեր խոսքում։ Կարծում եմ, յուրաքանչյուր ոք, ով մի տառ անգամ իրեն թույլ է տալիս արտահայտել, պիտի տեր լինի իր ասածին՝ ձեռքի տակ ունենալով փաստեր։ Փառք Աստծո, ես ունեմ շաաատ խոսուն փաստեր և թույլ տվեք դրանք դարձնել հանրության սեփականությունը։ Երբ ես դարձա Մշակույթի պալատի տնօրեն, քաղաքի ղեկավարությունն ինձ ասաց, որ մշակույթը քաղաքականության հետ չպիտի որևէ աղերս ունենա, մշակույթը քաղաքի հարստությունն է, որը պիտի պահպանել աչքի լույսի պես, և այս խոսքերը միշտ մտքումս ունենալով երբեք չեմ փորձել մշակույթ–քաղաքականություն միմյանց ձուլել, իսկ այսօրը բացառություն է։ Դուք Ձեր քաղաքական նկատառումներից ելնելով հիշատակեցիք այն հիմնարկի անունը, որի տնօրենն եմ արդեն 1.5 տարի,բայց որպես աշակերտ ոտք եմ դրել 4 տարեկանից և ինձ այս պահին թույլ եմ տալիս խոսել այն ամենի մասին, ինչը սեփական աչքերով եմ տեսել։ Պարոն Հակոբյան, թույլ տվեք Ձեզ ուղղել, 1940 թվկանին մշակույթի պալատի հիմքն է միայն եղել, այսինքն պալատի հիմնադրման աշխատանքները նախապատերազմյան է, իսկ աշխատանքները վերջացել են հետպատերազմյան շրջանում, մասնավորապես 1957 թվականին: Այսինքն, որպես Մշակույթի պալատ, այն գործել է 1957 թվականից. արդեն իսկ մեկ սխալ Ձեր խոսքում։ Դուք ճիշտ եք մեկ հարցում, մշակույթի պալատը մշտապես ստվերում, թալանված, կողոպտված է եղել։ Այո՛, եղել է։ Եթե այդքան արվեստասեր եք,Մշակույթի պալատն էլ, ըստ Ձեզ,վերանորոգված չի 76 տարի, ինչո՞ւ տարիներ առաջ չէիք հիշում։ Պարոն Հակոբյան, երբ Դուք ձմռանը Ձեր տաքուկ պատգամավորական սենյակում էիք, ինչո՞ւ չէիք մտածում, որ երեխաները սաստիկ ձմռանը, չունենալով վառելիք, վառարան էին նետում ինչ հնարավոր էր, սկսած կոշկեղենից, վերջացած այն դասասենյակի փայտե մանրահատակով, որի վրա արվեստ էին ուսանում. մեղադրելու չէ, ճար չկար... Իսկ դա 2000—ականներին էին, ոչ թե մութ ու ցուրտ տարիներին... Ինչո՞ւ չէիք մտահոգվում, երբ նույն դասասենյակներում արվեստ էինք փառաբանում անձրևանոցով, դե ինչ անեինք, անձրևն ուղիղ կաթում էր գլխներիս, պաշտպանվել էր պետք,դե ի՞նչ արած, անձրևն էր աներես, ո՞վ էր կանչել, որ եկել էր... Դուք՝ քաղաքի իշխանությունդ, մեղք չունեիք, տանիքն էր մեղավոր, անցքաշատ էր։ Ինչո՞ւ չէիք մտահոգվում, երբ սանհանգույցը նման էր համաճարակի կենտրոնի ու անգամ հիշելիս սիրտս խառնում է, դե դուք մեղք չունեիք, հո դո՞ւք չէիք օգտվողը կամ կեղտոտողը։ Իսկ այնտեղ երեխաներ էին մտնում... Պարոն Հակոբյան, ինչո՞ւ մի օր չհիշեցիք, որ մշակույթի պալատի դահլիճը, որտեղ մեծություններ են խաղացել, տաղանդներ են երգել և պարել, որտեղ պատմություն է կերտվել, մեղմ ասած բռնաբարված վիճակում էր, այո՛, մեղմ ասած... չկար լուսավորություն, տեխնիկա, չկար ոչինչ, կար միայն ունայնություն, կաշվեհան եղած աթոռներ, բզկտված կուլիսներ, մեռած դահլիճ, որը ժամանակին այնքա՜ն ծափեր ու գովեստներ էր լսել իր հասցեին... Ասելիքս շատ է, բարկությունս՝ մեծ։ Բայց, ինչպես ասում են, անցյալն անցած է, ներկան է կարևոր։ Կարծում եմ Դուք առնվազն 8 տարի Մշակույթի պալատի հետ գործ չեք ունեցել, չեք տեսել գերժամանակակից կահուքով լցված դահլիճը, որը նաև տեխնիկայով է գերհագեցած ու միշտ քաղաքի իշխանության հսկողության տակ, չեք տեսել նախասրահը, որը իր շքեղությամբ զարմացնում է բոլորին և որտեղ այս պահին նկարիչների ցուցահանդես է, կարծում եմ չեք տեսել այն փորձասենյակները, որոնք հարթ ու բժշկության տեսանկյունից անվնաս հատակով են, հիշեցնեմ պարոն Հակոբյան, կատակ բան չէ, ԵՐԵԽԱՆԵՐ են սովորում, կարևոր է հետևելը... Չեք տեսել հայելիները, տեխնիկան, կահույքը, չեք տեսել 3 գերժամանակակից ու գերմաքուր՝ սանիտարահիգենիկ բոլոր նորմերը պահպանած սանհանգույցները՝ մշտական ջրով, հիշեցնեմ պարոն Հակոբյան, կատակ բան չէ, ԵՐԵԽԱՆԵՐ են սովորում, հետևել է պետք, կարևոր է... Լավ պարոն Հակոբյան, գուցե Մշակույթի պալատ մուտք չեք գործել, բա դրսից է՞լ չէիք նկատել, որ տանիքը 100 տոկոսով փոխված է, ջրատարերը տեղադրած, կանաչապատված ու խնամված, երեկոները լույսերով զարդարված, թե անցնելիս Ձեր գլուխը թեքել եք՝ չուզենալով ՏԵՍՆԵԼ... Հիշեք, լավ է լինել կույր աչքով, քան կույր մտքով։ Քանի որ ասելիքս երկար ստացվեց, իսկ փոփոխություններն էլ աննկարագրելի շատ են, ես Ձեզ ցանկացած պահի հրավիրում եմ մեր քաղաքի պարծանքը դարձած Մշակույթի պալատ, ուր տարեկան մոտ 600 երեխա է հաճախում՝ 4–18 տարեկան։ Ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Մշակույթի պալատի վերաբերյալ նախկին քաղաքապետների կատարած անօրինականությունները չեմ ուզում հրապարակել, կարիք չկա դեռևս, բայց եթե պարոն Հակոբյան չկողմնորոշվեք ինչի մասին է խոսքը, ես Ձեզ անձամբ կհիշեցնեմ ու, ի դեպ,էլի փաստերով... Ինչե՜ր վեր հանեց ու ինչե՜ր դեռ վեր կհանի Ձեր մի արտահայտությունը. «...քաղաքի Մշակույթի տունը 1940 թվականից ի վեր չի վերանորոգվել»... Զգույշ եղեք Պարոն Հակոբյան, 100 տարի չի անցել, մարդիկ հիշողություն ունեն, փաստերով խոսեք, փաստերով... Էջմիածնի Մշակույթի պալատի տնօրեն Ալվինա Համբարձումյան

Նմանատիպ նյութեր