211652_close_icon
views-count4471 դիտում article-date 16:20 27-08-2016

Հայցադիմում՝ ընդդեմ Առաքելական եկեղեցու. aravot.am

aravot.am-ը գրում է. ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու: Հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները: «Քաղաքացի Նելլի Իսկանդարյանը դիմեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությանը հետեւյալ խնդրով՝ ինքն ապրում է բազմաբնակարանային շենքում, իր ներքևի հարևանը քահանա է Տեր Գրիգոր անունով՝ քաղաքացիական անունը Հակոբ Հովհաննիսյան է: Հակոբ Հովհաննիսյանը, առանց հաշվի առնելու բնակիչների կարծիքը, համաձայնությունը և մարդկանց իրավունքները, իր պատշգամբն առաջ է տվել՝ առանց շինթույլտվության, առանց համապատասխան թղթերի»: Հասարակական կազմակերպությունը հարցումներով դիմել է Երևանի քաղաքապետարանին, անձամբ Հակոբ Հովհաննիսյանին և կաթողիկոս Գարեգին Բ-ին: Հարցմանը պատասխանել է Երևանի քաղաքապետարանը, որում նշել է, որ պատշգամբն իրավական կարգավիճակ չունի. «Հարցեր տալով ես օգտվել եմ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածներից: Այդ օրենքով քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և իրավաբանական անձանց թույլատրվում է հարցումներով դիմել Հայաստանում գործող վարչական մարմիններին, իսկ նաև երրորդ հոդվածով սահմանվում է, որ վարչական մարմիններին հավասարեցվում են հանրային նշանակության կազմակերպությունները: Եվ նաև նշվում է, թե ինչ է նշանակում հանրային նշանակության կազմակերպություն՝ այն կազմակերպությունները, որոնք ունեն հանրային նշանակություն և մենաշնորհ ինչ-որ ոլորտումներում, օրինակ՝ առևտրի ոլորտում, մշակույթի ոլորտում, կրոնի ոլորտում, սպորտի ոլորտում: Իսկ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին սահմանադրորեն ամրագրված հանրային նշանակության կազմակերպություն է, որի ղեկավարը Գարեգին Բ-ն է: Իրենք ունեն նույն պարտականությունները, ինչ Հայաստանի պետական և վարչական մարմինները»: Նշենք, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Իսկ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը սահմանված ժամկետներում պատասխան չի ստացել Առաքելական եկեղեցուց. «Նման վերաբերմունքը արհամարհանք եմ գնահատում և դիմել եմ դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի Հայաստանյաց առաքելական եկեղեցի հանրային նշանակության կազմակերպությանը պատասխանել իմ հարցերին, որոնք շատ են անհրաժեշտ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությանը իրավական դիրքորոշում ձևավորելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նելլի Իսկանդարյանի շահերը պաշտպանելու համար»: Ամբողջությամբ aravot.am [url=http://www.aravot.am/2016/08/27/729583/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր