211652_close_icon
views-count8876 դիտում article-date 13:48 26-08-2016

Էկվադորն ու Իրանը երկկողմ առևտրային հարաբերություններն ամրապնդող ճանապարհային քարտեզ են մշակել. տեսանյութ

Էկվադորական հայտնի PRO ECUADOR Արտահանման խթանման և ներդրումների ինստիտուտը հայտարարել է Իրանում նոր առևտրային ներկայացուցչության բացման մասին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Էկվադորի ԱԳ նախարար Գիյոմ Լոնգի մասնակցությամբ Կիտոյում տեղի ունեցած Կոմերցիոն տնտեսական համաժողովի ընթացքում։ Իր ելույթում Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսլամական պետությունը միշտ պահպանել է Լատինական Ամերիկայի երկրների՝ հատկապես Էկվադորի հետ կայուն և անկախ հարաբերություններ, հպարտ է նրանց հետ իր համագործակցությամբ և շարունակելու է գործընկերային քաղաքականությունը։ PRO ECUADOR-ի գործադիր տնօրեն Սիլվանա Վալիեհոն ընդգծել է ներդրումային տեսանկյունից մրցակցային առավելություններն ու գրավչությունը, որն առաջարկում է Իրանին Էկվադորի կառավարությունը։ «Նախաձեռնությունը թույլ կտա բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել, զարգացնել ընդհանուր արտադրողականությունը»,-ասել է Վալիեհոն։ Միաժամանակ Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ֆարհադ Շարիֆը նշել է, որ Իրանը հավատարիմ է Էկվադորի հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու գաղափարին։ Հանդիպման ավարտին ստորագրվել է 3 փոխընբռնման մասին հուշագիր։ Նշենք, որ Էկվադորը Իրանի համար 9-րդ խոշոր ներմուծող պետությունն է։ Այս պահին Էկվադորը Իրան է արտահանում հիմնականում մթերք և ծաղիկներ։ Մ. Զարիֆը հանդիպել է նաև Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեայի հետ, որի ընթացքում քննարկվել են նավթի գնի բարձրացման հնարավորությունները։ «Քննարկվել են նավթային շուկաներում մեր դիրքերի ամրապնդմանն ուղղված հարցեր, ինչպես նաև պայմանավորվել OPEC-ի շրջանակներում բանակցությունները շարունակելու մասին»,-նշել է նա։ Նշենք, որ Մ. Զարիֆի հետ Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության է մեկնել 120 գործարարներից ու ֆինանսական ղեկավարներից բաղկացած պատվիրակությունը, որոնց անդամները ներկայացնում են Իրանի տնտեսական պետական և մասնավոր սեկտորները։ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/09/92523/]Հիշեցնենք[/url], որ «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը օգոստոսի 3-ին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում հանդիպում էր ունեցել Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյիի հետ: Հանդիպման սկզբում Էկվադորի արտաքին առևտրի նախարարը ողջունել էր իր հյուրին՝ կարևորելով Հայաստանից նման այցերի պարբերականությունը, որոնք, նախարարի համոզմամբ, դրական կանդրադառնան տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Ծանոթանալով Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության ծավալած գործունեությանը՝ Էկվադորի նախարարն իր շնորհակալությունն էր հայտնել Վարդան Հարությունյանին՝ բարձր գնահատելով այն ամենը, ինչը նախկինում արվել ու դեռ շարունակվում է արվել իր ժողովրդի համար: Վարդան Հարությունյանն իր հերթին նույնպես շնորհակալություն էր հայտնել Խուան Կառլոս Կասինիելյիին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ անչափ կարևորում է այս ու նմանատիպ հանդիպումները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ստեղծմանն ու ամրապնդմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր