Դաժան ու ողբերգական դեպք Ջրվեժ թաղամասում. կրկնակի անգամ վրաերթի է ենթարկվել Բնապահպանության նախարարության բաժնի պետը, ով տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական  դեպք է տեղի ունեցել  Կոտայքի  մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ճանապարհաին ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 Ժամանել է նաև  ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական  վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով  քննիչ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական  գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային  պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ) հատկանիշով:
Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև,  որ դեպքի վայրում հայտնաբերվել է Lexus մակնիշի 51 MM 015 համարանիշի և BMW մակնիշի  11 TT 444 համարանիշի ավտոմեքենաներ:
Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում կան վրաերթի հետքեր, հետքեր կան նաև BMW-ի վրա: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի  է ենթարկվել  BMW-ի կողմից: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ  մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա  Սիմոն Գրիգորյանն էր, ով,  ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ աշխատում էր  ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:
Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


