211652_close_icon
views-count5632 դիտում article-date 18:54 22-08-2016

Գեղարքունիքում այս տարի հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր այցելել է մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով: Նախարարի այցի առաջին կանգառը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ֆերմերներ Էդվարդ Նալբանդյանի և Աշոտ Գրիգորյանի տնտեսություններում: Էդվարդ Նալբանդյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է շուրջ 15 տարի, ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններ ունի, արդեն երկրորդ տարին է նաև ոլոռի մշակություն է իրականացնում: Այս տարվա բերքատվությունից գոհ է, իր խոսքով՝ և հացազգիները, և կարտոֆիլը ռեկորդային բերք են ապահովելու: Սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրի շահառուներից է: Ֆերմերի գնահատմամբ՝ ծրագիրը հեղափոխական էր և լրջորեն բարելավեց հանրապետությունում օգտագործվող սերմերի որակը, նպաստեց քանակական աճին, ուստի ցանկալի է, որ այն շարունակական լինի: Ֆերմեր Աշոտ Գրիգորյանը հիմնականում զբաղվում է հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ: Այս տարի շուրջ 100 հեկտար հացահատիկի ցանքս է կատարել և նախորդ տարվանից կրկնակի ավել բերք է ստացել: Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա կտրվածքով այս տարի աննախադեպ բերք են ակնկալում, ինչին նպաստել են թե բնակլիմայական պայմանները, թե կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Աշոտ Գրիգորյանը նշել է, որ այս տարի իրենց մոտ հացահատիկի միջին բերքատվությունը 60-70ց/հա է, իսկ կարտոֆիլի բերքատվությունը նույնիսկ 100 տոկոսով է ավելացել, և միջին բերքատվությունը կազմում է 40-50 տոննա մեկ հեկտարից: Հացահատիկային մշակաբույսների սերմացուները ֆերմերը ձեռք է բերել պետական աջակցության ծրագրերի շրջանակում, կարտոֆիլի տնկանյութը ներկրվել է Գերմանիայից և Հոլանդիայից: Ֆերմերի խոսքով՝ ավանդական մշակաբույսերից բացի իրենք նաև զբաղվում են ոլոռի, սիսեռի մշակությամբ, քանի որ դրանք կարողանում են ավելի շահավետ գնով իրացնել: Այնուհետև նախարար ուղևորվել է Սոթք համայնք, որտեղ հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին: Սոթքի ֆերմերներից Հակոբ Ավետյանն այս տարի շուրջ 100 հեկտար տարածքի վրա կարտոֆիլ է ցանել, ակնկալում է բարձր բերք ստանալ՝ 40-50 տոննա մեկ հեկտարից: Իրացման խնդիրներ չունի, որովհետև շուկայում բերքն իր տեղն ունի բարձր որակի շնորհիվ: Տնկանյութը էլիտար տեսակի է, ներկրում են արտերկրից: Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարար Կարապետյանը գոհունակություն է հայտնել Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում սպասվող արդյունքներից: «Գեղարքունիքի մարզը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Այս տարի էականորեն ավելացել են մարզի կարտոֆիլի ցանքատարածությունները և միջին բերքատվությունը, այս պահին հացահատիկի բերքահավաքը շուրջ 65 տոկոսով կատարված է, տնտեսություններ ունենք, որտեղ մեկ հեկտարից մինչև իսկ 80 ցենտներ բերք են ստանում, իսկ միջին ցուցանիշն այս մարզում 40 ց/հա-ից պակաս չի լինի»,- նշել է նախարարը: Նախարարը հավելել է, որ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև անասնապահության ճյուղում, միայն խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով, մանր եղջերավորներինը և խոզերինը համապատասխանաբար 4.2 և 19 տոկոսով, ինչին մեծապես նպաստել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Ծրագրի երկու փուլերում ընդգրվել են մարզի շուրջ 39 համայնքներ, մինչև 2020թ. նախատեսվում է ծրագրի իրականացումն ապահովել լրացուցիչ ևս մի քանի համայնքում: Ծրագրի շրջանակում մասնավորապես ջրարբիացվել են հեռագնա լեռնային արոտավայրերը, ինչի շնորհիվ էականորեն ավելացել են անասնապահության ճյուղում զբաղված գյուղացիական տնտեսությունների եկամուտները: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Նմանատիպ նյութեր