39036 դիտում
18:50 15-08-2016
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. «Ռոստելեկոմ»-ի պաշտոնյան Lexus-ով բախվել է ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11: 30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նարեկացի 4-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Վարդան Սինանյանը իր վարած Lexus մակնիշի 21 ԼՍ 544 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ դեպի Գետափ գյուղ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համաքաղաքացիներ, 4-ամյա Դավիթ Սինանյանը , 45-ամյա Նորայր Հակոբջանյանը, 36-ամյա Անուշիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել քննիչ Արթուր Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Վ. Սինանյանը աշխատում է «Ռոստելեկոմ» հարավային տարածքի պետ, իսկ վիրավոր Ա. Սարգսյանը «Անգել» առևտրի կենտրոնում՝ որպես գանձապահ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վարորդն ու վիրավորները ազգականներ են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+