211652_close_icon
views-count2275 դիտում article-date 15:24 12-08-2016

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Վաղը ձե´ր սերունդն է իր գիտելիքները և ունակություններն ի սպաս դնելու Հայաստանի ու Արցախի հետագա հզորացմանը, հայ ժողովրդի բարօրությանը, իսկ կամքն ու ոգին` Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Շնորհավորանքս ուղղում եմ նաև մեր ավագների´ն, ովքեր այսօր հիշելու են իրենց կյանքի այդ պայծառ շրջանը, և իմաստուն փորձառությամբ լեցուն խորհուրդներով ուղղորդելու են ձեզ: Միշտ հիշե´նք, որ ժամանակին, երբ նրանք երիտասարդ էին, Հայոց մեծ եղեռնից հետո կառուցեցին Նոր` Խորհրդային Հայաստանը: Եվ չմոռանա´նք, որ հաջորդ սերունդներն էլ իրենց եռանդն, ավյունն ու նաև երիտասարդ կյանքերն ի սպաս դրեցին Հայոց զույգ պետությունների անկախության կերտման ու պաշտպանության սուրբ գործին` ապահովելով ո´չ միայն հայրենաբնակ հայ ժողովրդի անվտանգությունը, այլև հատկապես Մերձավոր Արևելքը ճարակած հրդեհներից փրկված արևմտահայ գաղթականության սերունդների` Մայր Հայրենիքում վերընձյուղվելը: Ու դիմում եմ նաև նրանց, ովքեր զորացրվելով Հայկական բանակից` կհամոզվեն, որ Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարտական հենակետերում ո´չ թե հրաժեշտ տվեցին պատանեկությանը, այլ մտնելով կյանքի մի նոր շրջափուլ` սկսեցին ավելի վստահ կերպով քայլել իրենց երազներն իրականություն դարձնելու ճանապարհներով: Մեր բոլոր նվաճումների կենդանի վկաներն Արցախյան ազատամարտի ու դրան հաջորդած շուրջ երկուսուկես տասնամյակների պայքարի մարտիկներն են: Իսկ այսօր` Ապրիլյան պատերազմի նահատակները` այն մերօրյա երիտասարդ հերոսներն են, ովքեր չդավաճանելով իրենց նպատակներին, հավե´րժ ապրելու գնով պահպանեցին մեր հաղթանակները: Ու մենք պիտի արժանին հատուցենք նրանց և գիտության, տնտեսության, մշակույթի ու մյուս բոլոր ասպարեզներում նոր ու հզոր լիցք հաղորդենք մեր հին ու նոր, բայց միա´կ Հայրենիքի հզորացմանը: Բարին ընդ ձեզ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի վաղվա օրը կերտող սիրելի երիտասարդներ»:

Նմանատիպ նյութեր