211652_close_icon

«Կոչումով բժիշկ» նախագծի 24-րդ թողարկումն անդրադառնում է Աբրահամյանների ընտանիքին

views-count2760 դիտում article-date 13:27 10-08-2016
«Կոչումով բժիշկ» նախագիծը ներկայացնում է Երևանի ու մարզերի բժշկական այն գերդաստաններին, որոնց բժիշկ սերունդները նպաստել են մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանը, ներդրում ունեցել և շարունակում են ունենալ բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության գործում: Նախագծի 24-րդ թողարկումը նվիրված է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի կյանքի, կեսդարյա մասնագիտական գործունեությանը և նրա բժշկական ընտանիքին: Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին, Ջավախքում, Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում: «Ծնվել եմ մի հոյակապ ալպիական երկրում՝ Ջավախքում, սովորական ընտանիքում: Բարձր դասարանի աշակերտ էի, երբ, տեսնելով, որ շրջանի բոլոր գյուղերում ոչ մի բժիշկ չկար, կային միայն բուժակներ, որոշեցի ընտրել հենց այդ մասնագիտությունը, դառնալ բժիշկ», - պատմում է Աբրահամյանը: Բժշկական համալսարանի ասիստենտից մինչև ամբիոնի ղեկավար, գիտական հետազոտողից մինչև բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ լայն է Ռազմիկ Աբրահամյանի գիտագործնական հետաքրքրությունների շրջանակը: 1975թ. Ռազմիկ Աբրահամյանը այն ժամանակվա առողջապահության նախարար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հրամանով, այդ տարիների ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիկյանի հետ համատեղ հիմնադրել է Հանրապետական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որը հետագայում վերակազմավորվել է ծննդատան, ապա նաև ինստիտուտի, որտեղ մինչ օրս լույս աշխարհ է եկել մոտ 140 հազար երեխա: Մարդասիրական առաքելությունն են ընտրել նաև Ռազմիկ Աբրահամյանի կինն ու երեք դուստրերը: «Կոչումով բժիշկ» նախագիծը բացահայտել է նաև նրանց մասնագիտական ուղին: Բժշկական ընտանիքն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով: Ռազմիկ Աբրահամյանի երկու թոռնիկները ևս բժշկական կրթություն են ստանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր