Հղի Մերի Մարգարյանի վիճակը ճիշտ չի գնահատվել բժիշկների կողմից, անհրաժեշտ է եղել նրան անհապաղ հոսպիտալացնել. դատական նիստից
Հղի Մերի Մարգարյանի վիճակը ճիշտ չի գնահատվել բժիշկների կողմից. անհրաժեշտ է եղել նրան անհապաղ հոսպիտալացնել:
Այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով դատական նիստին` գործի գրավոր ապացույցների հետազոտման փուլում ընթերցվեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով կազմավորված մասնագիտակա հանձնաժողովի կողմից տրված երգակացությունը ծննդկանի մահվան վերաբերյալ:
Հանձնաժողովը նախագահել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Ամփոփելով՝ բժշկական հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացության.
Հղիի նախածնային հետազոտություններն ու հսկողութունը կատարվել է չափորոշիչին համապատասխան:
Նախածնային հսկողության ընթացքում շեղումներ չեն հայտանաբերվել:
Ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղափոխման էպիկրիզի` հղիի մոտ ջերմությունը սկսվել է 23.07.2015-ին, նշանակվել է ամբուլատոր բուժում:
Հաշվի առնելով հղիի բարձր ջերմությունը, անհրաժեշտ էր հղիի հոսպիտալացումն իրականացնել հուլիսի 23-ին, ոչ թե հուլիսի 26-ին: Հոսպիտալիզացումը եղել է ուշացումով:
Աննպատակային էր հղիի բուժումը նշանակել ամբուլատոր պայմաններում դեռ հուլիսի 23-ին, անհրաժեշտ էր բուժումն իրականացնել ստացիոնարի պայմաններում։
Նման մանկաբարձական իրավիճակը նախատեսում էր արագ ծննդօգնություն կեսարյան հատման միջոցով, սակայն դրան կարող էր խոչընդոտել բարձր ջերմությունը:
Պաշտպանական կողմը նկատեց, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահը հանդիսացել է նույն անձը` Ռազմիկ Աբրահամյանը, ով «Էրեբունի» ԲԿ-ում կոնսիլիումի մասնակից է եղել:
Մահվան պատճառ է դարձել գեստոզը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ- ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը, սակայն պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի, «իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը»:
Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին առադարված մեղադրանքն այն է, որ « վերջինս 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: