Իրանի ու Հայաստանի միջև վիզաների ազատականացումն ահռելի քաղաքական հետևանքներ կունենա. իրանագետ
Վիզաների ազատականացումը Հայաստանի ու Իրանի միջև ահռելի քաղաքական հետևանքներ կունենա:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում վստահություն հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս քայլով երկու երկրների հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի են հասցվում, որը առաջին հերթին, վստահության նոր ձևաչափ է: Սա, բնականաբար, երկուստեք խթանելու է զբոսաշրջությունը, ունենալու է ինչ-ինչ դրական էֆեկտներ արդյունահանման ու արտահանման ոլորտներում»,-ասում է իրանագետը:
Հիշեցնենք, որ այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են Իրան այցելել առանց մուտքի արտոնագրի:
Հաղորդվել էր նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունելով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, վստահություն էր հայտնել, որ երկու հարևան պետությունների միջև առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար:
Ամեն դեպքում, Իրանը հայտնի է որպես մի քիչ սպեցիֆիկ, խիստ բարքերով երկիր, որտեղ չի կարելի ալկոհոլ օգտագործել, բաց հագուստ կրել՝ հանգամանքներ, որոնք միգուցե հետ պահեն ակտիվ հանգիստ նախընտրող զբոսաշրջիկներին: Միգուցե Իրան այցելելու մտքից հետ կանգնեցնի այն միտքը, որ չիմանալով ինչ հագուստ կարելի է կրել Իրանում, խնդիրներ ունենան օրենքի հետ:
Այս հարցադրումներին ի պատասխան` Վարդան Ոսկանյանը նկատում է, որ, նախ, երկու ժողովուրդները մշակութային փոխճանաչողության շրջանակներում, այնուամենայնիվ, որոշակի պատկերացումներ ունեն միմյանց կենցաղային, մշակութային առանձնահատկությունների, սովորույթների մասին: Եվ երկրորդ, եթե անգամ չիմանան էլ, ըստ իրանագետի` հագուկապի ընդհանուր վարքականոնի մասին հայ զբոսաշրջիկին որոշակի բացատրություններ կներկայացնի օդանավակայանի մաքսավորը կամ աշխատակիցը: