211652_close_icon
views-count13020 դիտում article-date 15:20 03-08-2016

Ուսանողների ռազմական բանակումը՝ զինվորական օրակարգով

Մեկ շաբաթ ԵՊՀ ուսանողները Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում ապրեցին զինվորական առօրյայով, քնեցին վրաններում՝ զինվորական մահճակալների վրա, իրենց օրը կազմակերպեցին ըստ զինվորական կարգուկանոնի: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական ռազմական բանակումին մասնակցում էին Հայաստանից, Արցախից և Ջավախքից շուրջ 120 ուսանողներ, ովքեր բաժանված էին Արցախի պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների, որոնց միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական պարապմունքներ, ինտելեկտուալ, մշակութային մրցույթներ, սեմինարներ և դասախոսություններ: Ուսանողները մասնակցեցին ֆիզպատրաստության պարապմունքներին, արգելքների հաղթահարման վարժությանը, ինչպես նաև կրակային պատրաստության հրաձգության վարժության ընթացքում հաջողությամբ խոցեցին թիրախներն: ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը, ամփոփելով կրակային և ֆիզիկական պատրաստության, ռազմագիտական պարապմունքների արդյունքները նշեց, որ կարևոր չէ խոցված թիրախների և արձակված փամփուշտների քանակը, այլ կարևոր է ձգտումն ու կամքը. «Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ բոլորի արդյունքներից»: «Մեկ շաբաթ ուսանողներն ապրեցին զինվորական կարգուկանոնով՝ առավոտյան վերկացից, մարմնամարզությունից ու տողանից մինչ երեկոյան անվանականչ: Ուսանողների առօրյայի կարևոր մաս էին կազմում զորամաս այցելությունները, որտեղ նրանք ծանոթացան հրաձգային զինատեսակներին, դրանց կառուցվածքին և գործառույթներին,-նշեց բանակումի հրամանատար Արմեն Խաչիկյանը: Բանակումի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հարստացնել իրենց ռազմագիտական և ռազմաքաղաքական գիտելիքները՝ հանդիպելով Արցախի և ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքագետների հետ: Մասնավորապես, բանակումի երկրորդ օրն ուսանողների առօրյային ծանոթացան և նրանց հետ «Ազգային գաղափարախոսություն» թեմայով դասախոսություն անցկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը: Ուսանողների հետ հանդիպում-դասախոսություն ունեցան նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը`«Արցախյան գոյապայքարը» թեմայով, Միհրան Հակոբյանն էլ ուսանողների հետ ակտիվ քննարկում ունեցավ «Պատերազմն անվերջ է» թեմայով: Ռազմական բանակումի շրջանակում ուսանողները մասնակցեցին նաև մի շարք ուխտագնացությունների և արշավների: Նրանք եղան Ամարաս վանական համալիրում, հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան չինարի Տնջրի ծառը, նաև հաղթահարեցին Դիզափայտի բարձունքն ու հասան Սուրբ Կատարո վանք: Ռազմական բանակումի վերջին օրն էլ մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ հաղթող ջոկատները խրախուսվեցին մրցանակներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր