211652_close_icon
views-count889 դիտում article-date 16:44 01-08-2016

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ծաղկային տարածքների խնամքի, կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները։ Զուգահեռաբար ապահովվում է նաև տարածքների երկհերթ ոռոգումը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ծառերի բուժման աշխատանքերը և մշտական հսկողության տակ պահել վերջին տարիներին կառուցված պոմպակայանների աշխատանքը: Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև քաղաքացիների, զբոսաշրջային կազմակերպությունների, ոստիկանության, ինչպես նաև էլէկտրոտրանսպորտը սպասարկող ընկերության կողմից ստացված դժգոհություններին, առ այն, որ ծառերի ճյուղերը ծածկում են լուսացույցերն ու ճանապարհային նշանները: Խնդրի վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է բնապահպանների և ՃՈ համատեղ ցուցաբերել մասնագիտական մոտեցում և իրականացնել ծառերի մասնագիտացված էտ: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ` արհեստական ջրավազաններում լողանալու դեպքերը բացառելու նպատակով: Ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են նաև արգելող նշաններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը և բացատրական աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվել է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ 33 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել: Հաշվի առնելով ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝ քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը և հատուկ ուշադրություն դարձնել ճաշացանկին: «Բոլոր վարչական շրջաններում շարունակեք այցերն ու վերահսկողությունը: Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տվեք համապատասխան ցուցումներ` սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով: Երեխաների սննդի հարցում անգամ աննշան թերացումն անթույլետրելի է: Հակառակ դեպքում լինի դա դայակ, տնտեսվար թե խոհարար, տնօրենի գլխավորությամբ կենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ աշխատանքից ազատում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով իրականացվել են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի հուլիս ամսվա համար նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի և արտաքին կապերի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել և ըստ պատշաճի իրականացնել «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 2-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն այս անգամ կկայանա օգոստոսի 4-ին՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Նմանատիպ նյութեր