211652_close_icon
views-count4102 դիտում article-date 16:28 31-07-2016

Երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց բնական ունակությունները․ Դենի Դիդրո

Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով։ XVIII դարի ռեալիզմի աչքի ընկնող երևույթ էր նրա «Միանձնուհին» (1760 թ.) հակակղերական վեպը։ Ուշագրավ երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79 թթ.) երկխոսությունը, որտեղ Դիդրոն բացահայտել է փլուզվող ավատատիրական աշխարհի հակասությունները, արիստոկրատական դասի արատները։ XVIII դարի ֆրանսիական մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դիդրոն նույնպես մեծ նշանակություն է տվել լուսավորությանն ու կրթությանը, գնահատել հատկապես դաստիարակության դերը՝ որպես մարդու ձևավորման գործոն։ Ըստ նրա՝ երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, բնական ունակությունները։ Կրթության մասին Դիդրոյի մտքերը հիմնականում շարադրված են կայսրուհի Եկատերինա II-ի խնդրանքով ռուսական կառավարության համար կազմած համալսարանի և դպրոցի ծրագրում (1775 թ.), Սանկտ Պետերբուրգում կատարած գրառումներում։ Նա պաշտպանել է համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը և ոչ դասային կրթությունը։ Դիդրոն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ XIX դարի հատկապես 1-ին կեսի հայ առաջադեմ մտածողների աշխարհայացքի վրա զգալիորեն ազդել են Դիդրոյի, ինչպես նաև ֆրանսիական մյուս լուսավորիչների տեսական հայացքները։

Նմանատիպ նյութեր