Հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ. կան ձերբակալվածներ
ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ։
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։
Նախնական տվյալներով՝ հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Քննություն է տարվում պարզելու վերջիններիս մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]