211652_close_icon
views-count5023 դիտում article-date 18:31 29-07-2016

Կայացել է ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Ս. թ. հուլիսի 22-ին հրավիրվեց ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ մշակույթի նախարար, հասարակական խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը: Հ. Պողոսյանը ողջունեց և կարևորեց խորհրդի ստեղծման գաղափարը, այն համարելով հասարակության լայն շրջանակների հետ մշտական կապի, երկխոսության, ինչպես նաև մի շարք կարևոր հարցերի քննարկման, դրանց լուծումների որոնման արդյունավետ միջոց: Առանձնահատուկ անդրադառնալով և արժևորելով խորհրդում ընդգրկված անդամների մշակութային գործունեությունը, նախարարը նշեց, որ հասարակական խորհրդի անդամներն իրենց նախաձեռնությամբ են ընդգրկվել խորհրդի կազմում և հույս հայտնեց, որ ակտիվ գործունեությամբ, խնդիրների լուծմանն ուղղված իրենց կառուցողական դիտողություններով և առաջարկներով, մշտապես կօժանդակեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատանքներին: Հասմիկ Պողոսյանն իր խոսքում մանրամասն անդրադարձավ վերջին տարիներին մշակույթի ոլորտում արձանագրված ձեռքբերումներին, միևնույն ժամանակ խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով ոլորտում առկա խնդիրներին: Նախարար Հ. Պողոսյանը հասարարական խորհրդի հաստատմանը ներկայացրեց նիստի օրակարգը և 2016 թվականի աշխատակարգը: Օրակարգի հարցերի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հանդես եկավ «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ զեկույցով: Ներկաներն արտահայտեցին իրենց դիտողություններն ու առաջարկությունները ոլորտի իրավական դաշտի կարգավորման շուրջ: «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թթ. ռազմավարության ծրագրի և միջոցառումների մասին» զեկույցով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Հաջորդիվ ծավալված քննարկմանը խորհրդի ամդամները ներկայացրին պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված իրենց նկատառումները: Այս համատեքստում, նախարար Հ. Պողոսյանը կարևորեց հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքների իրականացումը: Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրեց «Կինեմատոգրաֆիայի ոլորտի իրավական կարգավորման մասին» զեկույցը: Հանգամանորեն ներկայացնելով օրենքի նախագծի առանձին դրույթները, Ա. Պողոսյանը խոսեց սույն օրենքով նախատեսվող ազգային կինոյին տրվող արտոնությունների մասին: Նիստի մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին կինոյի ոլորտը կարգավորող գործընթացների կապակցությամբ և «Եվրիմաժ» հիմնադրամին Հայաստանի անդամակցության փաստի առնչությամբ, ինչը ազգային կինոարտադրությունը խթանելու և ներդրումներ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: Նիստի ընթացքում նախարար Հ. Պողոսյանը «Փարոս» կամերային երգչախմբի ղեկավար Արմեն Ալավերդյանին շնորհավորեց հուլիսի սկզբին Սոչիում կայացած «Երգչախմբերի համաշխարհային խաղերում» Հայաստանը փայլուն ներկայացնելու և մրցանակի արժանանալու կապակցությամբ: Այնուհետև, նախարարը Ա. Ալավերդյանին նվիրեց Սայաթ-Նովայի խաղիկների ժողովածուն: Օրակարգում ընդգրկված հարցերից զատ, նախարարը պատասխանեց նաև խորհրդի անդամների հնչեցրած մի շարք հարցերի: Նիստի ավարտին, Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին՝ անդրանիկ նիստի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար, միևնույն ժամանակ հորդորելով՝ տեսանելի խնդիրների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները բարձրաձայնել ժամանակին՝ խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր