211652_close_icon
views-count1510 դիտում article-date 21:05 27-01-2017

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Հունվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017թ. անդրանիկ նիստը: Նախարարը ողջունեց հասարակական խորհրդի անդամներին, հատուկ շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած՝ Սևակ Հակոբյանին և Հակոբ Քասլակյանին, նշեց, որ սփյուռքյան մյուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգի հետ կապված իրենց կարծիքները: ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017 թվականի աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց և հաստատման ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի քարտուղար Ա.Էլչիբեկյանը: Հասարակական խորհրդի 2017թ. աշխատանքային ծրագիրը հաստատվեց: Սփյուռքյան համահայկական կառույցների հետ կնքած ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցության պայմանագրերի կատարման ընթացքը ներկայացրեց նախարարության համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Ն.Մուրադյանը: Նա նշեց, որ այսօր աշխարհի ավելի քան 117 երկրներում գործում են հազարավոր հայկական կառույցներ: Համահայկական ամենամեծ և երկար ճանապարհ անցած կառույցների թիվը 24-ն է: ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցում է համահայկական բոլոր կառույցների հետ: ՀՀ սփյուռքի նախարարության հետ հուշագրեր են կնքել 6 խոշորագույն համահայկական կառույց: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ ի տարբերություն շատ համաձայնագրերի, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա, նախարարությունը արդյունավետ համագործակցում է այդ կառույցների հետ: Այս տարի հուշագրեր կկնքվեն ևս մի քանի կառույցի հետ: ՀՀ կառավարության 2017 թվականի «Սփյուռք» բաժնի գերակա խնդիրների և գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց. «ՀՀ կառավարությունն առաջադրել է նոր խնդիրներ, որոնք պահանջում են գործունեության նոր առաջնահերթություններ: ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագիրը ներկայացրեց Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ.Գյանջումյանը: Նա նշեց, որ 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված են  եղել Սրբուհի Տյուսաբի, Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի, Գրիգոր Խանջյանի և Գրիգոր Զոհրապի անունները, որոնց նվիրված շուրջ 30 մեծարման միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև Սփյուռքի կրթօջախներում: Զեկուցողն առաջարկեց 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել Ռուբեն Մամուլյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Տիգրան Չուխաջյանի Հովհաննես Այվազովսկու անունները և Սուրբ Ղազար կղզու հայկական կաթոլիկ վանքը: Առաջարկվեց 2017թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել նաև Վահան Թեքեյանի անունը: Հասարակական խորհուրդը ընդունեց առաջարկը: 2017 թվականը «Արցախի տարի» հանրահռչակելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը: Նա անդրադարձավ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, և մասնավորապես նշեց. «ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած լրագրողների 8-րդ համաժողովի մասնակից, աշխարհի 31 երկրից ժամանած ավելի քան 140 հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը Արցախի խնդրում և անսալով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկին՝ որոշեցին Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը, արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, նպաստելու ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, ԼՂՀ-ում սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը, համայնքային կյանքի կազմակերպմանը, համախմբմանը՝ Հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ: Սփյուռքի նախարարը, նկատի ունենալով շարժման հաջողվածությունն ու տարածումը, առաջարկեց 2017 թվականը հայտարարել «Արցախի տարի»: Այդ միջոցառման շրջանակներում որոշվեց ի լրումն «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի, անցկացնել «Անկախ Արցախ» համահայկական փառատոն և կոչով դիմեցինք հայրենական և սփյուռքյան կառույցներին»: Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքյան բոլոր կառույցների և անհատների մասնակցությունը «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, Ղարաբաղը Սփյուռքին համակողմանիորեն ներկայացնելը: «Հայ դատը պետք է Ղարաբաղում լուծվի», - նշեց նախարարը և հավելեց. «Ղարաբաղը պաշտպանելով ու հզորացնելով, մենք պաշտպանում և հզորացնում ենք Հայաստանը»: Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:

Նմանատիպ նյութեր