Երևանում 26-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող շաուրմայանոցի աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Միքայել Սիմոնյանը իր վարած Lexus մակնիշի 88 AL 888 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 27-ամյա Արամ Բաղդասարյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն և պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում է մոտակա շաուրմայանոցում և գրեթե ամեն օր թե նա, թե նրա գործընկերների մի մասը ու մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով ու իսկական պատուհաս են դառնում վարորդների համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի