211652_close_icon
views-count4732 դիտում article-date 14:47 29-07-2016

Կառավարությունը նախաձեռնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը

ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և դրա հետ կապված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, պետական այլ մարմինների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է մինչև 2017թ. մայիսի 31-ը, համագործակցելով ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը և ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներդաշնակեցվի էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններին: Ակնկալվում է, որ որոշման իրագործմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետությունը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկը, 2013թ. Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, և «Տանգո» ՓԲԸ միջև կնքվել է Երևան քաղաքի Կառավարական 2-րդ մասնաշենք հասցեում գտնվող 14241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասի օտարման պայմանագիր: Գույքի օտարման գինն է ավելի քան 51 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ընկերությունը մինչև օրս վճարել է շուրջ 39.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վճարման ենթակա է մոտ 12 մլն դոլարին համարժեք դրամ: Քանի որ գույքն ընկերությանը հանձնելու գործընթացը ձգձգվում է, կառավարությունն ընդունել է «Տանգո» ՓԲԸ-ի առաջարկը և իր որոշմամբ վերջին վճարումից նվազեցրել 418 հազար դոլարին համարժեք դրամը և վեց ամսով երկարաձգել գնի մնացորդի վճարման վերջնաժամկետը:

Նմանատիպ նյութեր