211652_close_icon
views-count995 դիտում article-date 15:42 27-07-2016

ՀՄԸՄ խմբապետերը հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հանդիպեց ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մասնակիցների հետ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորությամբ: Ս.Սրապիոնյանը ՀՄԸՄ խմբապետերին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ կարևորելով ՀՄԸՄ-ի ազգանվեր դերակատարությունը սերունդների առողջ դաստիարակության գործում: «ՀՄԸՄ-ն ունի ավելի քան 100 մասնաճյուղ աշխարհի հայաշատ համայնքներում: Որդեգրելով ֆիզիկական և հոգևոր ներդաշնակության կենսակերպը՝ ՀՄԸՄ-ն տասնյակ սերունդներ է կրթել, հայ երիտասարդին սովորեցնել է լինել արի, հայրենասեր, զարգացրել է նրա մեջ պատասխանատվության և պատվի զգացումը: Շնորհակալ ենք Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին իր արդյունավետ ջանքերի և նվիրումի համար: Համոզված ենք, որ 2018թ. Հայաստանում և Սփյուռքում ՀՄԸՄ-ի 100-ամյակը կնշվի մեծ շուքով», - նշեց նախարարի տեղակալը: Ս.Սրապիոնյանն ընդգծեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ 2014թ. օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, իրականացվում են համատեղ ծրագրեր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գառնիկ Մկրտչյանը նշեց. «ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մեկնարկից առաջ մենք մեր պարտքն ենք համարել այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն: Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված ՀՄԸՄ-ական երիտասարդ խմբապետերն այսօր այստեղ են: Այո՛, մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշել մեր կառույցի 100-ամյակը և համոզված ենք, որ Սփյուռքի նախարարությունը կլինի մեր կողքին: Նախարարուհի Հրանուշ Հակոբյանին փոխանցեք մեր ջերմ ողջույններն ու երախտագիտությունը»: Կենտրոնական վարչության ատենապետը 7-րդ համագումարի համար պատրաստված առաջին հուշանվերը հանձնեց Սփյուռքի նախարարությանը և նշեց, որ հանդիպումից անմիջապես հետո ողջ կազմով պիտի այցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ պիտի խոնարհեն հուշակոթողին: Քննարկվեցին Արցախի անվտանգությանը, Արցախի անկախության ճանաչման գործում կառույցի դերակատարությանը և անելիքներին, երկրի քաղաքական կյանքի հնարավոր զարգացումներին և ՀՀ տնտեսության զարգացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանն և ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր