211652_close_icon
views-count718 դիտում article-date 14:01 27-07-2016

Քննարկվել են կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Երևանի և իտալական Տրևիզո քաղաքի դպրոցների միջև բարեկամական կապերի հաստատմանն, ինչպես նաև հանրակրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում իտալական վերոնշյալ քաղաքի պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը համառոտ ներկայացրել է Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերն ու առկա ձեռքբերումները: Վերջինս նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես ողջունում է բարեկամական և գործընկերային կապերի շարունակականությանն ու ընդլայնմանը միտված բոլոր նախաձեռնությունները: Իտալական պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տրևիզո քաղաքում գործող «Ֆեդեպիացա» հիմնադրամի նախագահ Ջիովաննի Տոսելոն համառոտ ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հատկապես մշակութային և կրթական բաղադրիչի նպատակները: Ջովաննի Տոսելոն փոխանցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Տրևիզոյի քաղաքապետի նամակը: Այնուհետ կողմերը քննարկել են Տրևիզոյի կրթական հաստատությունների, մասնավորապես, իտալացի անվանի քանդակագործ Անտոնիո Կանովայի անվան դպրոցի և Երևանի դպրոցներից մեկի միջև բարեկամական կապերի հաստատմանն առնչվող հարցեր: Ողջունելով իտալական կողմի նախաձեռնությունը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ հյուրերին համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ենթակայության և արտերկրի մի շարք դպրոցների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը և հույս հայտնել, որ բարեկամ դպրոցների շարքն արդեն մոտ ապագայում կհամալրեն նաև իտալական դպրոցները: Հանրակրթության վարչության պետը նաև նշել է, որ հանգամանորեն կքննարկվեն համագործակցության տարբերակներն ու արդեն մոտ ապագայում առաջարկներ կներկայացվեն ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են նաև Երևանի մասին իրենց տպավորությունները՝ հատկանշելով, որ տպավորված են մայրաքաղաքի գույներով և կանաչապատման ու ծաղկապատման մշակույթով: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր